«Լեզուն ազգի հիմքն է։ Եթե լեզուն չկա՝ ազգը չկա». Յակոբ Այնթապլեան

Մայիսի 13-ին Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մեր լեզուն, Համո Սահյանն ու հայրենատիրությունը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայոց լեզվի պահպանությանը, բանաստեղծ Համո Սահյանի ստեղծագործական ժառանգությանը և հայրենատիրության գաղափարին՝ նրա ստեղծագործություններում։

Միջոցառումը համախմբել էր գրականության, կրթության և մշակույթի ներկայացուցիչներին։ Հատուկ հյուրն էր ամերիկահայ դոկտոր-պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանը, ով իր դասախոսության մեջ լեզուն ներկայացրեց որպես ազգային գոյության հիմք՝ ընդգծելով «Լեզուն ազգի  հիմքն է։ Եթե լեզուն չկա՝ ազգը չկա»։

Այնթապլեանը հայերենը դիտարկեց որպես ոչ միայն հաղորդակցության միջոց, այլև մտածողության և ինքնության հիմք՝ ընդգծելով, որ դրա պահպանումն ազգային գոյատևման կարևոր պայման է։ Նա անդրադարձավ սփյուռքի փորձին՝ նշելով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ կարողացել է պահպանել իր ինքնությունը լեզվի և հավատքի շնորհիվ, իսկ այդ շարունակականությունը ձևավորվել է արժեքների հետևողական պահպանման միջոցով։

Միջոցառումը հագեցած էր երաժշտական համարներով՝ ստեղծելով կենդանի և միասնական մշակութային մթնոլորտ։ Երաժշտական հատվածն ապահովեց երգիչ Արսեն Զաքարյանը՝ կապանցի երիտասարդների հետ միասին, ովքեր կատարեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված երգերից հատվածներ։

Ցերեկույթի ընթացքում հնչեց նաև պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանի հեղինակած ստեղծագործության հիման վրա գրված երգը, որը լրացրեց ցերեկույթի երաժշտական ծրագիրը։

Միջոցառման ավարտին ձևավորվեց ամբողջական մշակութային պատկեր, որտեղ երաժշտությունն ու գրական խոսքը լրացրին միմյանց՝ ընդգծելով հաջորդ սերունդներին ազգային արժեքների պահպանման և փոխանցման կարևորությունը:

 

Իզա Ասծատրյան

Leave a comment