ՌԴ-ն հիմա հավաքում է այն, ինչ ցանել է. կարող են ջղաձգումներ ունենալ, սակայն նրանց հույսերը չեն արդարանա. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին

ՌԴ-ն հիմա հավաքում է այն, ինչ ցանել է. կարող են ջղաձգումներ ունենալ, սակայն նրանց հույսերը չեն արդարանա. Դավիթ Ստեփանյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայտարարություններն արվում են Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականության համատեքստում: Արդեն որերորդ անգամ Լավորվն ու ՌԴ-ն մեզ ասում են՝ Բրյուսելն ու Վաշինգտոնն ունեն տարածաշրջանում իրենց շահերը և միշտ չէ, որ այդ շահերը համապատասխանում են մեր շահերին, ինչն ակնհայտ սուտ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի դիտարկմամբ՝ այս պատմական շրջանում Հայաստանի շահերը համապատասխանում են Վաշինգտոնի և Բրյուսելի շահերին. «Այն, որ այսօր ՀՀ-ում կա ԵՄ դիտորդական առաքելություն, այն, որ մենք ունենք օրենք, որով Կառավարությունը հանձնառություն է վերցրել երկիրը տանել դեպի ԵՄ, TRIPP-ը, վաշինգտոնյան համաձայնագրերը խոսում են այն մասին, որ մեր շահերն այս պահին համընկնում եմ, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին: ՌԴ-ի և Հայաստանի շահերը վաղուց չեն համընկնում և այն, ինչ տեղի է ունեցել 2020-21-22 թվականներին և 2023 թվականին ավարտվել է ԼՂ-ի հայաթափմամբ՝ խոսում է դրա մասին, Ռուսաստանը դա թույլ է տվել, հովանավորել է, Ռուսաստանը մտել է գործարքի մեջ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի մեղքով է, որ այսօր հակառուսական դաշինք ամբողջ աշխարհն է. «Ուկրաինայի տարածք ներխուժելուց հետո ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հակառուսական դաշինք է, ինչ է նշանակում՝ հուսով ենք ՀՀ-ն չի մտնի այդ դաշինքի մեջ, այսինքն՝ մենք պետք է ոչ մեկի հետ հարաբերություններ չունենա՞նք, այստեղ հասկանալի պատճառներով պարոն Լավրովի հույսերը չեն կարող արդարանալ, նա մեղմ ասած մեծ պատկերացումներ ունի Ռուսաստանի դերակատարման մասին: Իրենք կարող են ջղաձգումներ ունենալ, ՌԴ-ն հիմա հավաքում է այն, ինչ ցանել է և ցանել է 2020 թվականից ավելի վաղ»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարել, ինչի հետևանքով տարածարջանում ստաստուս քվոն փոխվել է. «Դա եղել է իրենց կողմից գործարքի արդյունքում, իրենց սխալ հաշվարկների արդյունքում, այսօր շատ բան կարող են խոսել, դարավոր բարեկամության մասին կենացները տասնյակ տարիներով հնչել են, շատ էր խոսվում, որ կենացների քաղաքականությունը պետք է փոխվի ռեալ քաղաքականության, դա չի արվել, հետևապես այսօր հերթական անգամ իրենք փորձում են կեղծիքով ցույց տալ, որ իրականում ոչ մի բան չի փոխվել, այն դեպքում, երբ տարածաշրջանում փոխվել է ամեն ինչ: Որքան այդ փոփոխություններն առաջ գնան, այնքան ՌԴ-ի դերակատարումը նվազելու է»:

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերը՝ քաղաքագետը նկատեց. «102-րդ բազան երբեք ՀՀ անվտանգության երաշխավորը չի եղել: 102-րդ բազան հայ-թուրքական սահմանի վրա ռուսական ֆորպոստն է, այդ բազան միշտ իրենց է պետք եղել: Մենք տեսանք, որ 44-օրյայի, 2022-ի ագրեսիայի ժամանակ այդ բազան, որը պետք է պաշտպաներ Հայաստանի սահմանները՝ ոչ մի բան չարեց: Մեզ այդ բազան պետք չէ, դրա դուրս հանումը պետք է դառնա օրակարգային հարց, և ես կարծում եմ, որ սա միայն ժամանակի խնդիր է»:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ անդամ՝ Ստեփանյանը նշեց. «Փաստացի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում այսօր զրոյական է: Եթե մենք ՀԱՊԿ-ում իրավունքներ ունենայինք, այսօր ադրբեջանական բանակը Հայաստանի տարածքում չէր լինի, ինչ իրավունքների մասին է խոսքը, եթե չկան իրավունքներ, հետևապես չկան պարտականություններ: Հայաստանին և ՀԱՊԿ-ին կապում է մեկ ստորագրություն, որը պետք է հետ կանչվի»:

Ամփոփելով Ստեփանյանը կարևորեց ՀՀ-ի կողմից դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելը. «Դիվերսիֆիկացման քաղաքականությունը Հայաստանի համար անայլընտրանք է: Եթե մենք այդ քաղաքականությունը չվարեինք, Հայաստանը հիմա չէր լինի՝ որպես ինքնիշխան, անկախ երկիր: Մենք տեսանք՝ ինչի բերեց այն քաղաքականությունը, որը վարվում էր մինչև դիվերսիֆիկացիան, բերեց գործող ճարտարապետության անվտանգային փլուզման:  Չի կարելի հույսը դնել մեկ երկրի վրա»:

 

Աննա Բզնունի

Leave a comment