Աբու Դաբիում մեկնարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Քաղաքականություն

04.02.2026 | 14:28

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Այնուհետև աշխատանքը կընթանա առանձին խմբերով՝ կենտրոնանալով որոշակի ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների սինքրոնացում»,- գրել է Ումերովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Դաբիի հանդիպմանն ԱՄՆ պատվիրակությունը կներկայացնեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, ինչպես նախորդ անգամ, գլխավորում են, համապատասխանաբար, Իգոր Կոստյուկովը և Ռուստեմ Ումերովը։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին Աբու Դաբիում: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Սակայն Axios-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, հաղորդել էր, որ այդ հանդիպումների ժամանակ «ամեն ինչ քննարկվել է», և «կողմերից ոչ մեկը չի հրաժարվել քննարկումներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment