Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարոզչական նյութերը այս վարչական շրջանում փակցված են եղել զանգվածային և համակարգված՝ տարբեր խանութների և առևտրային օբյեկտների վրա՝ Զաքարիա Քանաքեռցու, Ուլնեցու, Էզրաս Հասրաթյան, Դրոյի, Պարույր Սևակի, Յաղուբյան և Լեփսիուսի փողոցներում։
Մինչդեռ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։
Այսպես, ըստ Ընտրական օրենսգրքի (ԸՕ 21-րդ հոդվածի 2.1-րդ մաս)` արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։
Մեր թիմը շրջել է համայնքի տասնյակ առևտրային կետերով ու գաղտնի նկարահանումներ իրականացնելով զրուցել դրանց աշխատակիցների հետ։ Նախ պարզվել է, որ պաստառները փակցրել են վարչական շրջանի կամ «թաղապետարանի» աշխատակիցները ու ավելին, պարզել ենք, որ այդ «օպերացիան» իրականացվել է աշխատանքային օրերին ու աշխատանքային ժամերին։
Պարզել ենք՝ որոշ օբյեկտների սեփականատերերն ու աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ամենայն հավանականությամբ, հարկադրված թույլ են տվել, որ այդ քարոզչանյութերը փակցվեն առևտրային կետերի ցուցափեղկերին։ Այսինքն՝ քարոզչական նյութերի տեղադրումն առերևույթ իրականացվել է իրենց կամքին հակառակ։
«Կարաք, հանեք տանեք»,- ասել է ծաղկավաճառը՝ ցույց տալով իր կրպակի ապակուն փակցրած Փաշինյանի լուսանկարով պաստառը՝ ընդգծելով, որ քարոզչական պաստառը փակցրել է վարչական շրջանի ղեկավարը․ «Թաղապետն է կպցրել, մենք չենք կպցրել, սաղ խանութների վրա կպցրել ա։ Չեք զգացե՞լ Քանաքեռում, Զեյթունում սաղ Նիկոլի նկարներն ա»։
Մեր նկարահանման ընթացքում առևտրի կետերի աշխատակիցները կամ սեփականատերերը ասում էին, որ քարոզչական պաստառները, մասնավորապես, փակցրել են վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները՝ ցերեկը, աշխատանքային ժամերին։
Եղել են առևտրի կետերի աշխատողներ, որոնք խոստովանել են, որ իրենք իրենց կամքով են Փաշինյանի քարոզչական պաստառը փակցրել։
«Թաղապետարանից եկել, ասել են՝ խոսել ենք խանութի տիրոջ հետ, ամեն ինչ ասված ա, պետք ա փակցնենք»,- նշել է խանութներից մեկի աշխատակիցը։ Մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ որ ժամերին են թաղապետարանից այցելել իրենց, աշխատողը պատասխանել է, որ համայնքի պաշտոնյաները իրենց այցելել են ցերեկը, այսինքն՝ աշխատանքային ժամերին։
«Եկավ ասեց՝ պտի կպցնեմ, ասեցի՝ կպցնում ես, կպցրու։ Բայց ասել եմ՝ իրավունք չունեք, ասեց՝ թաղապետի հրամանն ա, ասի դե կպցրեք, ինչ ասեմ»,- նշեց առևտրի կետերից մեկի աշխատակիցը։
Ի՞նչ է պահանջում Հայաստանի օրենսդրությունը
Իրավաբանների գնահատմամբ՝ համայնքային ծառայողների կողմից աշխատանքային ժամին և ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն նախընտրական քարոզչանյութեր փակցնելը կամ տարածելը կարող է առերևույթ պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներ։
Բացի այդ, ոչ կամավոր հիմունքներով քարոզչական նյութերի տեղադրումը որոշ դեպքերում կարող է դիտվել նաև որպես իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հարկադրանքի տարր պարունակող քարոզչություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Սա ծանր հանցագործություն է՝ մինչև 6 տարվա ազատազրկում նախատեսող պատժով։
Պաշտոնեական դիրքի չարաշահման (ՔՕ, 441-րդ հոդված) մասով միջդատական մի գործ արդեն քննվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում (գործի համար՝ ՀԿԴ/0267/01/25), որի դեպքում Դատարանը արդեն իսկ ունի դիրքորոշում։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։ Այդ գործով դատարանը, մասնավորապես, հիմնավոր է համարել այն մոտեցումը, որ պաշտոնատար անձի կողմից ծառայողական պարտականությունները չկատարելը և ծառայողական դիրքի օգտագործմամբ պետական շահերին վնաս պատճառելը կարող է դիտարկվել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։
Այսպիսով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրած մեր ստուգումների ընթացքում տասնյակ զրուցակիցներ պնդել են, որ վարչական շրջանի պաշտոնյաները իրենց աշխատանքային ժամերին քարոզչական պաստառներ են փակցրել առևտրային կետերի վրա։ Սա նշանակում է, որ համայնքային ծառայողները աշխատանքային ժամերին ներգրավված են եղել իշխող կուսակցության քարոզչական նյութերի տարածման գործընթացում, ինչը առերևույթ ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահում է, այլև հանրային ծառայողների կողմից, իրենք պարտականությւոնների կատարման փոխարեն կուսակցության քարոզչության իրականացում (այն էլ՝ ապօրինի քարոզչության)։
Հասմիկ Համբարձումյան
Դաշտային աշխատանքների իրականացմանը օժանդակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի թիմը
The post «Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին (գաղտնի նկարահանմամբ փաստեր) appeared first on FIP.AM.