Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար

Քաղաքականություն

15.05.2026 | 12:04

Վրաստանի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախկին նախարար Լևան Դավիթաշվիլին, որը հրաժարական էր տվել 2025 թվականին, դարձել է իտալական Italiana Petroli էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն՝ այն բանից հետո, երբ այն անցել է ադրբեջանական SOCAR  ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, գրում է The Insider-ը։

«Այս պաշտոնում Դավիթաշվիլին կղեկավարի IP-ի գործունեությունն Իտալիայում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գործառնական շարունակականության ապահովմանը, ընկերության դիրքերի ազգային էներգետիկ շուկայում պահպանմանն ու հետագա ամրապնդման, ինչպես նաև SOCAR խմբին ընկերության ինտեգրման վերահսկմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դավիթաշվիլին Վրաստանի փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ Այս պաշտոնում նա վերահսկում էր Թբիլիսիի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցությունը, այդ թվում ադրբեջանական գազի մատակարարման շուրջ բանակցությունները։

Վրաստանի կառավարությունից հեռանալուց հետո նա դարձել էր SOCAR-ի նախագահի խորհրդական և նախագահել Black Sea Petroleum (BSP) ընկերության վերահսկիչ խորհուրդը, որը հիմնադրվել է 2022 թվականին՝ Կուլևիի նավթավերամշակման գործարանի կառուցման համար։

Ավելի վաղ The Insider-ը հայտնել էր, որ ռուսական նավթը մատակարարվում է Կուլևիի գործարան, որտեղ այն վերամշակվում է, ապա վաճառվում Արևմուտքին՝ շրջանցելով պատժամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment