Փաշինյանի տրամաբանությամբ՝ մեր հայրենակիցները երբեք չեն վերադառնա Բաքվի բանտերից

Եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը բանսարկու չէ, ապա ստիպված պետք է խոստովանենք, որ քաղաքականապես տգետ է։ Նա չի հասկանում քաղաքական տարրական այբուբենն ու ի զորու չէ տարբերել իշխանությունն ընդդիմությունից։ Քաղաքական գործընթացների, ստեղծված իրավիճակների, պետության հաղթանակների կամ պարտությունների, դիվանագիտական հաջողությունների կամ ձախողումների միակ պատասխանատուն իշխանությունն է։ Իսկ ընդդիմությունը չի կրում պատասխանատվություն և ոչ մի գործընթացի համար, նա ազատ է իր խոսքում։ Ընդդիմության խոսքերի ամենակարևոր հասցեատերն ընտրողն է ու միայն նրա մոտ կարող է ազդեցություն ունենալ ընդդիմության այս կամ այն հայտարարությունը։

Պատճառը շատ պարզ է, ընդդիմությունը չունի որևէ լծակ, որպեսզի կարողանա ազդել հատկապես միջպետական հարաբերությունների վրա։ Այս պարզ բանը չհասկանալը խոսում է քաղաքական տգիտության մասին։ Իսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես տգետ չէ, ստացվում է՝ բանսարկու է։ Երրորդ տարբերակը չկա։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղավոր համարեց նրանում, որ մեր հայրենակիցներն ապօրինաբար գտնվում են Բաքվի բանտերում։ Նրա ձևակերպմամբ՝ իշխանությունն ամենօրյա աշխատանք է տանում մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ, սակայն Ադրբեջանում տեսնելով ՀՀ ընդդիմության խոսույթը՝ նրանց չեն ազատում։

Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ մոռացել է, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են գտնվում շուրջ 6 տարի, իսկ քարոզարշավը մեկնարկել է մի 20 օր առաջ ու եթե ՀՀ իշխանությունն իրոք ամենօրյա աշխատանք տաներ, բայց գրագետ աշխատանք, ապա մեր հայրենակիցները վաղուց տանը կլինեին, հատկապես, որ Փաշինյանի մատուցմամբ՝ մենք Ադրբեջանի հետ «խաղաղության» մեջ ենք գրեթե 2 տարի։

Եթե իրոք Բաքվի համար հիմք են ոչ թե Փաշինյանի, այլ ընդդիմության հայտարարությունները, ապա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ մեր հայրենակիցները երբեք չեն վերադառնա, քանի որ Հայաստանում միշտ կլինեն քաղաքական ուժեր, որոնք մշտապես կբարձրաձայնեն ոչ միայն արցախցիների վերադարձի հարցը, այլև երբեք չեն համակերպվի Արցախի էջը փակելու, ազգային արժեքներն ուրանալու ու պատմական հիշողությունից հրաժարվելու հետ։

Կարեն Կարապետյան

Leave a comment