Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։

Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment