Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Քաղաքականություն

14.05.2026 | 22:44

Երկկողմ բանակցություններից և Ղազախստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստից հետո երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հավերժ բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, գրում է Forbes Ղազախստանը։

Բացի այդ, պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են տարբեր միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Դրանց թվում են նաև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, բազմամասնագիտական ​​հիվանդանոցի կառուցման ֆինանսավորման, «ԿազՄունայԳազ» ԲԲԸ-ի և  Türkiye Petrolleri Anonim Ortaklığı-ի  միջև նավթահանքային ծառայությունների մատուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագրերը, նավթի և գազի նախագծերի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը «ԿազՄունայԳազ»-ի  և  Türkiye Petrolleri Anonim Ortaklığı-ի  միջև։

Համաձայնագիր է կնքվել նաև ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրության և սպասարկման համատեղ ձեռնարկության ստեղծման մասին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան ցանկանում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով ավելի շատ ղազախական նավթ հասնի համաշխարհային շուկաներ, քանի որ Անկարան ընդլայնում է Ղազախստանի հետ էներգետիկ համագործակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment