Նիկոլ Փաշինյան-տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում. Իվետա Տոնոյան
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի, գրում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Կոտայքի մարզում մեծ թվով պարեկների են աշխատանքից ազատել, քանզի նրանց ընտանիքի անդամները ԲՀԿ համակիրներ են։ Րոպեներ անց ՆԳՆ-ն շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ շտապողականությունն անտեղի էր, քանի որ ընդամենը րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց Գ․ Ծառուկյանի այդ տեղեկությունը, ավելին՝ հավելեց, որ եթե դեռ չեն էլ հեռացվել, ապա անպայմանորեն պետք է հեռացվեն, քանի որ անգամ ինքը իր շրջապատից պաշտոն ունեցող այդքան մարդ չունի։
Նախ, օրենքի հետ ակնհայտ հակասություն ունեցող այս գնահատական-հրահանգը ուղիղ սպառնալիք է բոլոր ընդդիմադիր ուժերին ու գործիչներին։ Աբսուրդն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Այսինքն ի՞նչ է ստացվում, եթե դու ունես իրավապահ կամ պետական համակարգում աշխատող բարեկամ, ծանոթ, հարևան, ուրեմն չես կարող որևէ քաղաքական ուժի համակրել կամ սատարել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով նրանք կազատվեն աշխատանքից։ Իրականում ադպես էլ կա։ Եվ երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անգամ ինքը Ծառուկյանի նշածի չափ ծանոթ պարեկներ չունի, քանզի իր շրջապատից մարդիկ չկան այդ համակարգում, թարմացնեմ նրա հիշողությունը։
Այո՛, միգուցե պարեկներ չկան քո շրջապատից, փոխարենը՝ քո դասընկեր Վահե Ղազարյանը մինչև վերջերս ՆԳՆ նախարար էր, քավորդ՝ Հայկ Ղալումյանը ներկայումս Տավուշի մարզպետն է, աներձագդ՝ Հրաչյա Հակոբյանը արդեն երկրորդ անգամ պատգամավորի մանդատ է ստանում նվեր սերիալային փայլուն խաղի համար, ՀԺ-ի նախկին լրագրող՝ Վահագն Հովակիմյանը այժմ ԿԸՀ նախագահն է, եղբորորդիդ՝ Սիփան Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, հետախուզման մեջ գտնվելուդ ընթացքում քեզ պատսպարած Հակոբ Սիմիդյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն էր։ Այս շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել։
Ի դեպ մի քանի ուրիշ պաշտոններ էլ կան, որոնցում Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել։
Նիկոլ Փաշինյան-ՀՀ գլխավոր դատախազ
Նիկոլ Փաշինյան-ՀՀ ոստիկանապետ
Նիկոլ Փաշինյան- ՀՀ ԱԱԾ պետ
Նիկոլ Փաշինյան-տարբեր ատյանների դատավոր, ով քարոզարշավի ամեն օր որևէ մեկին դատավճիռներ է կարդում»։