Ճապոնական Honda Motor Co.-ն 2026 ֆինանսական տարվա արդյունքներով գրանցել է գործառնական վնաս՝ էլեկտրամոբիլների ոլորտում ռազմավարության վերանայման հետ կապված հաշվանցումների պատճառով։
Ինչպես նշվում է ընկերության հաշվետվությունում, գործառնական վնասը կազմել է 414.3 մլրդ իեն (2.6 մլրդ դոլար), մինչդեռ նախորդ ֆինանսական տարում ընկերությունը ստացել էր 1.2 տրլն իեն գործառնական շահույթ։
Վերլուծաբանները միջինում սպասում էին 315.6 մլրդ իեն գործառնական վնաս։
Մաքուր վնասը կազմել է 423.9 մլրդ իեն՝ նախորդ տարվա 835.8 մլրդ իեն շահույթի փոխարեն։
Honda-ն տարեկան գործառնական վնաս է գրանցել առաջին անգամ՝ գրեթե 70 տարվա հանրային գործունեության ընթացքում։ Վնասը պայմանավորված է ընկերության էլեկտրամոբիլների ռազմավարության վերանայման հետ կապված կորուստներով։ Մարտին ավտոարտադրողը զգուշացրել էր, որ կարող է մինչև 2.5 տրլն իեն հաշվանցել՝ այս ուղղությամբ ծրագրերի վերանայման պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում արտացոլվել է 1.6 տրլն իենի հաշվանցում։
Honda-ի գլխավոր գործադիր տնօրեն Տոսիհիրո Միբեն հայտնել է, որ ընկերությունը հրաժարվում է նպատակներից՝ մինչև 2030 թվականը նոր ավտոմեքենաների վաճառքում էլեկտրամոբիլների բաժինը հասցնել 20%-ի, ինչպես նաև հրաժարվում է 2040 թվականին ամբողջությամբ էլեկտրամոբիլների և վառելիքային հիմքով մեքենաների վաճառքի անցնելու ծրագրից։ Միբեն նաև նշել է, որ Honda-ն անորոշ ժամկետով դադարեցնում է Կանադայում էլեկտրամոբիլների և մարտկոցների արտադրության նախագիծը, որը նախատեսում էր 11 մլրդ դոլարի ներդրումներ։
Հաշվետու ֆինանսական տարում եկամուտն աճել է մինչև 21.8 տրլն իեն՝ նախորդ տարվա 21.7 տրլն իենից։ Մասնավորապես, մոտոցիկլների արտադրության ստորաբաժանման եկամուտը բարձրացել է մինչև 4 տրլն իեն՝ նախորդ տարվա 3.6 տրլն իենից, իսկ ավտոմոբիլային ստորաբաժանման եկամուտը նվազել է մինչև 14.2 տրլն իեն՝ 14.5 տրլն իենից։
Honda-ն ֆինանսական տարվա ընթացքում վաճառել է 3.387 մլն ավտոմեքենա (նվազում՝ 8.9%) և 22.101 մլն մոտոցիկլ (աճ՝ 7.4%)։
Ավտոարտադրողն ակնկալում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով կստանա 260 մլրդ իեն մաքուր շահույթ և 500 մլրդ իեն գործառնական շահույթ։ Ընկերությունը կանխատեսում է եկամտի աճ՝ 6.2%-ով՝ մինչև 20.15 տրլն իեն։ Հաշվարկներում հիմք է ընդունվել միջին փոխարժեքը՝ 145 իեն/1 դոլար։
Honda-ն այս տարի նախատեսում է վաճառել մոտ 3.39 մլն ավտոմեքենա և 22.8 մլն մոտոցիկլ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։