Մեկ տարում շուրջ 9500 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցը մշտապես հանրային քննարկումների առանցքային թեմա է։

Հատկապես ուշադրության կենտրոնում են վարորդական իրավունքից զրկելու դեպքերի աճը, ոչ սթափ վիճակում վարելու դեմ պայքարը և ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ինչ են ցույց տալիս թվերը, ինչպես է փոխվել վերահսկողության համակարգը, և ինչ ազդեցություն է դա ունեցել ճանապարհային անվտանգության ապահովման վրա։

Տրանսպորտային միջոցների աճ և ճանապարհատրանսպորտային պատահարներ

FIP.am-ի հարցման հիման վրա Ներքին գործերի նախարարությունից տրամադրած վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում տարեցտարի աճում է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, ինչը, ըստ ՆԳՆ-ի, անմիջական ազդեցություն ունի նաև ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր քանակի վրա։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 4784 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2024-ին արձանագրված 4314-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պատահարների թիվն աճել է 470-ով կամ 10.9%-ով։

Միաժամանակ աճել է նաև վիրավորների թիվը․

  • 2024թ․՝ 6116 վիրավոր,
  • 2025թ․՝ 7073 վիրավոր (+957 կամ 15,6 տոկոս)։

Սակայն, չնայած պատահարների և երթևեկության ինտենսիվության աճին, մահվան ելքով դեպքերի վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։

Զոհերի թիվը նվազում է՝ մեքենաների թվի աճին զուգահեռ

2014 թվականին Հայաստանում հաշվառված էր շուրջ 482 հազար տրանսպորտային միջոց, և նույն տարում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել էր 297 մարդ։

Մինչդեռ 2025 թվականին, երբ հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը մոտեցել է 1 միլիոնի, ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը կազմել է 283։ Ուշագրավ է վերջին 3 տարիների ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը

  • 2023 — 378 զոհ,
  • 2024 — 333 զոհ,
  • 2025 — 283 զոհ։

Այսպիսով, արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանում արձանագրվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։

Պարեկային ծառայության ազդեցությունը

ՆԳՆ-ի տվյալներով՝ ճանապարհային անվտանգության ցուցանիշների փոփոխությունը մեծապես պայմանավորված է Պարեկային ծառայության գործունեության ընդլայնմամբ և վերահսկողության խստացմամբ։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Պարեկային ծառայությունը կազմել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման շուրջ 1 միլիոն վարչական արձանագրություն։

Դրանց արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ։

Հատկանշական է, որ այդ անձանց ճնշող մեծամասնությունը՝ 4899 վարորդ կամ ընդհանուրի 90.1%-ը, զրկվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։

Համեմատության համար՝ նախկինում գործող Ճանապարհային ոստիկանության համակարգում երեք տարվա ընթացքում տարեկան միջինում վարորդական իրավունքից զրկվել է ընդամենը 764 անձ։

Այս տարբերությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին վերահսկողության մեխանիզմները զգալիորեն խստացվել են, իսկ խախտումների հայտնաբերման արդյունավետությունը՝ աճել։

Վարորդական իրավունքից զրկվածների կողմից մեքենա վարելու դեպքերը

Առանձին ուշադրության է արժանի նաև վարորդական իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու վիճակագրությունը։

2014-2018 թվականներին Հայաստանում արձանագրվել է նման ընդամենը 297 դեպք։ Սակայն 2019-2025 թվականներին այդ ցուցանիշը հասել է 30,669-ի։

Տարեկան պատկերը հետևյալն է․

  • 2019թ․՝ 125 դեպք,
  • 2020թ․՝ 984 դեպք,
  • 2021թ․՝ 1732 դեպք,
  • 2022թ․՝ 5396 դեպք,
  • 2023թ․՝ 5590 դեպք,
  • 2024թ․՝ 7376 դեպք,
  • 2025թ․՝ 9466 դեպք։

Թվերի նման աճը կարող է առաջին հայացքից ստեղծել տպավորություն, թե վարորդական կարգապահությունը կտրուկ վատացել է։ Սակայն ՆԳՆ-ում դա բացատրում են վերահսկողության մեխանիզմների ընդլայնմամբ և իրավախախտումների ավելի արդյունավետ և հետևողական հայտնաբերմամբ։

Կրկնակի զրկումներ և ռիսկային վարորդներ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականից մինչև այսօր վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ։

Սա ցույց է տալիս, որ ճանապարհային երթևեկության ոլորտում շարունակում է պահպանվել բարձր ռիսկային վարորդների խումբ, որոնք անգամ պատժամիջոցներից հետո կրկին խախտում են օրենքը։

Մասնագետների կարծիքով՝ վարորդական իրավունքից զրկելու մեխանիզմը միայն պատժիչ գործիք չէ։ Այն նաև կանխարգելիչ ազդեցություն ունի, քանի որ թույլ է տալիս ժամանակավորապես երթևեկությունից դուրս բերել առավել վտանգավոր վարորդներին և նվազեցնել կրկնվող խախտումների հավանականությունը։

Օրենսդրական փոփոխություններ և առողջական վերահսկողություն

Վերջին տարիներին փոփոխություններ են կատարվել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության օրենսդրական կարգավորումներում։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված լրացումներով ներդրվել են մեխանիզմներ, որոնց համաձայն՝ վարորդի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները կարող են էլեկտրոնային առողջապահական համակարգից ինքնաշխատ փոխանցվել իրավասու մարմիններին։

Խոսքը վերաբերում է հատկապես այն դեպքերին, երբ անձի առողջական վիճակը կարող է անհամատեղելի լինել մեքենա վարելու հետ։

Այս փոփոխությունների նպատակը, ըստ ՆԳՆ-ի, ճանապարհային անվտանգության բարձրացումն է և հնարավոր ռիսկերի կանխարգելումը։

Այսպիսով, վիճակագրական տվյալների ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին միաժամանակ աճել են՝

  • ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը,
  • արձանագրվող իրավախախտումների թիվը,
  • վարորդական իրավունքից զրկելու դեպքերը,
  • ինչպես նաև ոչ սթափ վարելու բացահայտումները։

Սակայն, մյուս կողմից, նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։

Թվերը նաև ցույց են տալիս, որ վարորդական իրավունքից զրկելու և վերահսկողության խստացման քաղաքականությունը իշխանությունները դիտարկում են որպես ճանապարհային անվտանգության բարձրացման հիմնական գործիքներից մեկը։

Միևնույն ժամանակ, դեռևս բաց է մնում հարցը, թե որքանով է հնարավոր երկարաժամկետ հեռանկարում փոխել վարորդների վարքագիծը միայն վերահսկողության և պատժամիջոցների միջոցով։

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

The post Մեկ տարում շուրջ 9500 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում appeared first on FIP.AM.

Leave a comment