Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում

Քաղաքականություն

13.05.2026 | 23:30

ԱՄՆ Պատերազմի նախարարությունը (Պենտագոն) մայիսի 8-ին հրապարակել է անհայտ կամ չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հետ կապված փաստաթղթերի առաջին խումբը՝ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով։ Հրապարակված փաստաթղթերից մեկում հիշատակվում է նաև Ադրբեջանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

1955 թվականին պատրաստված զեկույցում նշվում է, որ Բաքվի մոտ ԱՄՆ բանակի սպա Հեթուեյը տեսել է բեռնատար վագոններով երկար գնացք։ Նրա ցուցմունքի համաձայն՝ յուրաքանչյուր վագոնում եղել է դեսանտային նավ, որը կարող էր տեղափոխել զինվորների դասակ։ Այն պահպանում էին հատուկ համազգեստով տղամարդիկ։

Բաքվի երկնքում նաև ռեակտիվ ինքնաթիռ է նկատվել, սակայն անհնար է եղել որոշել տեսակը, քանի որ այն չափազանց բարձր է թռել։

Զեկույցում նաև նշվում է, որ սպաների խումբը վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավակայանում և քաղաք գնալու ճանապարհին դիտարկել մեկ այլ օդանավակայան։ «Ինտուրիստ» հյուրանոցի ուղեկցորդը նրանց ասել է, որ դա ռազմական վարժանքների համար նախատեսված օդանավակայան է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment