Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով

Քաղաքականություն

13.05.2026 | 22:00

Ֆրանսիայի իշխանությունները մեկուսացրել են Ambition զբոսանավը՝ նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով, որի վրա ավելի քան 1700 ուղևոր և անձնակազմի անդամ կա, հայտնում են BBC-ն ու France 24-ը։ Նավը խարսխված է Բորդոյի նավահանգստում։ Ուղևորները չեն կարողանում իջնել նավից, մի քանիսը մեկուսացված են իրենց խցիկներում։ Ambassador Cruise Line-ը հաստատել է, որ նավի վրա մահացել է 92-ամյա տղամարդ, սակայն մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզ չէ, գրում է The Insider-ը։

Ընկերությունը նաև հավաստիացնում է, որ նավի վրա հիվանդության առաջին հաղորդագրություններից հետո ձեռնարկվել են ուժեղացված սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ: Ambition նավի վարակված ուղևորներից վերցված նմուշներն այժմ ուղարկվել են Բորդոյի համալսարանական հիվանդանոց՝ թեստավորման համար։

Նշվում է, որ 48 ուղևոր և անձնակազմի մեկ անդամ ունեցել են վարակին համապատասխանող ախտանիշներ: Ներկայում նավի վրա կա 1187 ուղևոր և անձնակազմի 514 անդամ: Զբոսանավը մայիսի 8-ին մեկնել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքից: Այն կանգ է առել Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում և Ֆրանսիայի Բրեստում, նախքան Բորդո ժամանելը, որտեղից այն պետք է ուղևորվեր Իսպանիա:

Նորովիրուսը սուր աղիքային վարակ է, որի տարածված ախտանիշներից են լուծը և փսխումը։ Վիրուսը խիստ վարակիչ է և փոխանցվում է անմիջական շփման միջոցով, օրինակ՝ սննդի և սպասքի համատեղ օգտագործման։ Նորովիրուսը զբոսանավերի վրա լուծի բռնկումների ամենատարածված պատճառն է (ավելի քան 90%), այդ իսկ պատճառով լրատվամիջոցներում այն ​​հաճախ անվանում են «կռուիզային վիրուս»։

Մայիսի սկզբին նորովիրուսի բռնկում էր հայտնաբերվել Caribbean Princess նավի վրա, որը մեկնել էր Ֆլորիդայի նավահանգստից։ Գրանցվել է 115 հաստատված դեպք։

Ambition-ի դեպքում նավի սեփականատերը վստահեցրել է, որ «ոչ մի պատճառ» չկա այս բռնկումը կապելու մեկ այլ զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկման հետ:

Հանտավիրուսի բռնկումը տեղի էր ունեցել  MV Hondius-ի վրա, որին անցյալ շաբաթ թույլատրվել էր Թեներիֆեում կանգ առնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment