Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.05.2026 | 20:23

Քարոզարշավի 5-րդ օրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր առանձնատան բակում հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի բնակիչների։ Հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը մոտ է հաղթանակին և իշխանափոխությունից հետո պատրաստվում է զբաղվել մարզի զարգացման ծրագրերով։ «Սևանի կողքին ապրող մարդիկ պարտավոր են հարուստ ապրել»,- ասաց Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը վիճակագրական տվյալներով ահազանգել է մարզում ստեղծված ծանր վիճակի մասին։ Նա նշել է, որ վերջին տարիներին բնական աճը նվազել է շուրջ 30%-ով, իսկ աղքատության մակարդակը Գեղարքունիքում հասնում է 28%-ի՝ զգալիորեն գերազանցելով հանրապետության միջին ցուցանիշը (21%)։ Անկում է գրանցվել նաև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։

Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների գործելաոճը՝ ընդգծելով, որ զուտ ճանապարհներ կառուցելով` հնարավոր չէ մարդկանց պահել գյուղերում, եթե չկան աշխատատեղեր ու եկամտի աղբյուր։

«Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն։ Կարող է էդ ասֆալտի վրա հետագայում Վարդենիսի կողմից շատ հեշտությամբ ադրբեջանցիները գան, քշեն: Այս թույլ, անկարող իշխանությանը պետք է մեկ օր շուտ կանգնեցնել»,- հայտարարել է նա։

Որպես ելք՝ Սամվել Կարապետյանն առաջարկել է արմատապես փոխել տնտեսական մոդելը՝ ընտանեկան և փոքր բիզնեսներն ամբողջությամբ ազատելով հարկերից, մինչև դրանք չկայանան ու չդառնան խոշոր ձեռնարկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment