Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով

Քաղաքականություն

13.05.2026 | 18:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում հրապարակել է քարտեզ, որտեղ Վենեսուելան պատկերված է ամերիկյան դրոշի գույներով: Պատկերի վերևում կարճ մակագրությունն է՝ «51-րդ նահանգ»: Քարտեզը տարածել է նաև Սպիտակ տունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «լրջորեն մտածում է» Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու մասին: Որպես որոշման պատճառ նա նշել է Վենեսուելայի «40 տրիլիոն դոլարի նավթային պաշարները»՝ հավելելով, որ վենեսուելացիները «սիրում են իրեն»:

Նախկինում Դոնալդ Թրամփը բազմիցս առաջարկել էր, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նաև հայտարարել Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի մասին:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը կտրականապես մերժել է հարավամերիկյան պետության՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ «դա երբեք չի քննարկվի», քանի որ վենեսուելացիները գնահատում են իրենց անկախությունը։

«Մենք կշարունակենք պաշտպանել մեր ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պատմությունը»,- Հաագայում լրագրողներին ասել է Ռոդրիգեսը, որտեղ նա մասնակցել է Միջազգային դատարանում կայացած լսումներին, որոնք վերաբերում էին Վենեսուելայի և հարևան Գայանայի միջև նավթով հարուստ Էսեկիբո շրջանի շուրջ վեճին։

Վենեսուելան «գաղութ չէ, այլ ազատ երկիր», ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ Կարակասը պահպանում է Վաշինգտոնի հետ համագործակցության իր ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment