«Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից». Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են ոչ միայն մեկ ընտանիքի լուսանկարները, այլ մի ամբողջ ժողովրդի հիշողությունը։
Ցուցահանդեսը պատմում է մի ընտանիքի մասին, որը ոչ միայն լուսանկարել է մարդկանց, այլեւ վավերագրել է պատմությունը՝ Օսմանյան կայսրությունից մինչեւ գաղթի ճամբարներ, Հունաստան եւ ԱՄՆ։
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւ կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի ու Դիլդիլյանների ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի համագործակցությամբ։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը պատմում է՝ գաղափարը ծնվել է 2025-ին, երբ համագործակցում էին Մարսելի հայկական «Արամ» հիմնադրամի հետ։
«Այն ժամանակ փորձեցինք սփյուռքից բերված վավերագրական նյութերը համադրել թանգարանի ցուցանմուշների հետ։ Այդ ձեւաչափը շատ հետաքրքիր արձագանք ստացավ, եւ որոշեցինք շարունակել այդ գաղափարը Դիլդիլյանների ընտանեկան արխիվի միջոցով», – պատմում է նա:
Այս անգամ Հայաստանի պատմության թանգարան հատուկ տեղափոխվել են հարյուրավոր բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ապակե նեգատիվներ։ Սրահներում ներկայացված է ավելի քան 200 լուսանկար։
Դիլդիլյանների լուսանկարչական պատմությունը սկսվում է 1880-ականներին՝ Սեբաստիայում։ Արհեստավորների ընտանիքից եկած Ցոլակ Դիլդիլյանը սկսում է զբաղվել լուսանկարչությամբ, ընտանիքն էլ աջակցում է նրան։
Առաջին լուսանկարներում հենց ընտանիքի անդամներն են. այն տարիներին լուսանկարչությունը դեռեւս քիչ տարածված ու քիչ հասանելի էր։
«Շատ քիչ դեպքեր ունենք, երբ լուսանկարիչները ոչ միայն ատելիեում մարդկանց են լուսանկարել, այլեւ ֆիքսել են ժամանակի իրադարձությունները՝ անգամ ամենադժվար պայմաններում», – փաստում է Դավիթ Պողոսյանը։
Դիլդիլյանները լուսանկարել են Սեբաստիայի, Մարզվանի, Սամսունի հայկական կյանքը, փողոցները, եկեղեցիները, մարդկանց առօրյան։
Այսօր այդ պատկերներից շատերն այլեւս իրականության մեջ գոյություն չունեն ։
«Օրինակ՝ այս եկեղեցին այլեւս չկա քաղաքի լանդշաֆտում։ Բայց իրենց լուսանկարների շնորհիվ հիշողությունը պահպանվել է»։
Մարզվանում Դիլդիլյանները աշխատում էին Անատոլիա քոլեջի հարեւանությամբ: Մտավորական միջավայր էր, որտեղ կողք կողքի ապրում եւ աշխատում էին ամերիկացի միսիոներները, հայ եւ հույն դասախոսներ։
Ցուցահանդեսի ամենածանր հատվածը կապված է ցեղասպանության ու հետագա տարիների հետ։
Դիլդիլյանները շարունակում էին լուսանկարել նաեւ 1915-ից հետո։ Նրանք արձանագրել են որբերի, գաղթի, փախուստի, ճամբարների տեսարանները։
«Նրանք հասկանում էին, որ այդպես ուղերձ են հղում ապագային», – ասում է Դավիթ Պողոսյանը։
Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ այն կադրերը, որտեղ ընտանիքը նավով լքում է Սամսունը։ Հետո՝ Հունաստանի Կոկինիայի ճամբարները, նոր կառուցված տունը, նոր ֆոտոատելիեն, նոր կյանքը։
«Նույնիսկ ճամբարներում իրենք ֆոտոատելիե ստեղծեցին եւ շարունակեցին աշխատել», – պատմում է Դավիթ Պողոսյանը։
Հետագայում ընտանիքի մի ճյուղ տեղափոխվում է ԱՄՆ, իսկ արխիվը պահպանվում է Հմայակ Դիլդիլյանի մոտ:
Հետո այն փոխանցվում է պրոֆեսոր Արմեն Մարսուբյանին, որը շարունակ ուսումնասիրում ու ներկայացնում է այդ ժառանգությունը աշխարհի տարբեր երկրներում։
Պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարեւոր են ոչ միայն ցեղասպանության մասին պատմելու, այլ նաեւ վերապրելու պատմությունները ներկայացնելու համար։
«Պետք է պատմել նաեւ այն, թե ինչպես հայերը կարողացան հաղթահարել բոլոր դժվարությունները, պահպանել ինքնությունը, շարունակել ապրել ու ստեղծագործել»։
Ցուցահանդեսի փակումից հետո Դիլդիլյանների արխիվից մի քանի բնօրինակ լուսանկարներ կմնան Հայաստանի պատմության թանգարանին եւ կդառնան ազգային հավաքածուի մաս։
Ցուցահանդեսը Պատմության թանգարանում գործելու է մինչեւ 2026. հունիսի 20-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի