ՊԵԿ և ԵՊՀ առաջնահերթությունները՝ համագործակցության հուշագրում

Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև։ Հուշագրի նպատակն է ամրապնդել
գործատու–բուհ համագործակցությունը՝ ստեղծելով կրթության և մասնագիտական փորձառության
զարգացման արդյունավետ հարթակ։ Համագործակցությունը միտված է ուսանողների գործնական
կարողությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում նորարար նախաձեռնությունների
խթանմանը։ «Համագործակցության հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլև
նոր մտածողության և նոր ճանապարհի մեկնարկ՝ համահունչ այն արժեքային
վերափոխումներին, որ այսօր իրականացվում է ՊԵԿ-ում՝ տեսլականի և առաքելության հիմքով։
Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ՊԵԿ համագործակցությունը դառնում է ոչ միայն կրթական, այլև
անմիջական շփման և նոր նախաձեռնությունների հարթակ։ ՊԵԿ-ում մեծ կարևորություն ենք
տալիս երիտասարդ մասնագետների ներգրավմանը, քանի որ հենց նոր սերունդն է ձևավորում
նորարար մտածողություն և պետական համակարգի զարգացման ապագան»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ  մայր բուհը պետությունից առանձին կառույց չէ, այլ պետական համակարգի մի
մաս, որի առաքելությունն է որակյալ կրթությամբ նպաստել երկրի և մասնավոր հատվածի
առաջընթացին, և այդ տեսանկյունից՝ ՊԵԿ-ը կարևոր գործընկեր է համալսարանի համար,
քանի որ ԵՊՀ ուսանողներից շատերը հենց աշխատանք են գտնում ՊԵԿ–ում։

Համագործակցության շրջանակում կիրականացվեն
պրակտիկաներ, փորձնակության ծրագրեր, կրթական ու գիտական համատեղ նախաձեռնություններ,
սեմինարներ և մասնագիտական այլ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների
զարգացմանը, տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրմանը։

Այնուհետև ՊԵԿ նախագահը մայր բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսումնառության տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը«Դու ես քո
ճանապարհի կերտողը և, հետևաբար, նախ պետք է կարողանալ առաջնորդել ինքդ քեզ, իսկ
առաջնորդությունը,
ղեկավարությունը
սկսվում է ոչ թե պաշտոնից, այլ պատասխանատվությունից, նախաձեռնողականությունից, շարունակական ինքնակրթությունից, անձնական առաքելության ձևակերպման և ինքդ քեզ առաջնորդելու կարողությունից»։ Էդուարդ Հակոբյանն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ընդգծելով որ
պետական համակարգը հասարակության զարկերակն է, և այստեղ 
աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը, սեփական գիտելիքը վերածելու
իրական արդյունքի։
Էդուարդ Հակոբյանը վստահություն
է հայտնել, որ
շատերի համար օրվա հանդիպումը կլինի մոտիվացնող և օգտակար՝ ուսանողից առաջնորդի կայացման ճանապարհին։

Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով՝ հարկային  և
մաքսային ոլորտների մարտահրավերներից մինչև մասնագիտական
զարգացման
հնարավորություններ։ Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորն Էդուարդ Հակոբյանին նվիրել է բուհի
ուսանողների կողմից պատրաստված հուշանվեր։

Leave a comment