Մեր առջև դրված խնդիրն է Հայաստանում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները․ Սրբուհի Գալյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության առաջնահերթություններից մեկը Հայաստանի դատավարական բոլոր գործընթացների ամբողջական թվայնացումն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 2025 թվականին արդեն գործարկվել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ իրավական ոլորտի մասնագետներին վարչական դատավարություններին մասնակցել առցանց ձևաչափով։ Նրա խոսքով՝ հարթակը ստացել է հիմնականում դրական արձագանքներ, ինչը նախորդ փորձի՝ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի ընթացքում արձանագրված խնդիրների վերլուծության և դրանց հիման վրա իրականացված բարելավումների արդյունք է։

«Սա այն իրավիճակն է, երբ նախորդ փորձից դասեր քաղելով՝ ստեղծվել է նոր համակարգ, որից արդեն քաղաքացիներն ու մասնագետները գոհ են»,- ընդգծել է նախարարը։

Նախարարը նշեց, որ էլեկտրոնային հարթակների շարունակական զարգացումն ու կատարելագործումը նախարարության մշտական առաջնահերթությունն է։ Առկա խնդիրները բացահայտվում են դատավորների, փաստաբանների և քաղաքացիների անմիջական մասնակցությամբ, ինչի արդյունքում իրականացվում են անհրաժեշտ բարելավումներ թե՛ վարչական, թե՛ քաղաքացիական դատավարության թվային համակարգերում։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ շուտով կգործարկվի սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախկինում սահմանված ժամկետներում չէր գործարկվել։ Նրա խոսքով՝ համակարգը կսկսի գործել ամենաուշը հաջորդ ամսվա սկզբին։

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ արդարադատության նախարարը նշեց, որ աշխատանքներ են ընթանում նաև քրեական դատավարության էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանում բոլոր դատավարական գործընթացները միավորել միասնական էլեկտրոնային հարթակում և ապահովել դրանց լիարժեք թվային իրականացումը․ «Մեր առջև դրված խնդիրն է մեր երկրում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները»։

Leave a comment