Կառավարության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի բոլոր դատավարական գործընթացների ամբողջական թվայնացումը. Գալյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի բոլոր դատավարական գործընթացների ամբողջական թվայնացումը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը նշեց, որ 2025 թվականին գործարկվել է վարչական դատավարության էլեկտրոնային հարթակը, որը քաղաքացիներին և իրավական ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս վարչական դատավարություններին մասնակցել առցանց եղանակով։ Նրա խոսքով՝ համակարգը ստացել է հիմնականում դրական արձագանքներ, ինչը նախորդ փորձից՝ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի խնդիրների վերլուծությունից և դրանց լուծումից քաղված դասերի արդյունք է:
«Սա այն իրավիճակն է, երբ նախորդ փորձից դասեր քաղելով՝ ստեղծվել է նոր համակարգ, որից արդեն քաղաքացիներն ու մասնագետները գոհ են»,– ընդգծել է նախարարը։
Սրբուհի Գալյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակների շարունակական կատարելագործումը նախարարության մշտական հանձնարարությունն է․ խնդիրները բացահայտվում են դատավորների, փաստաբանների և քաղաքացիների մասնակցությամբ, և իրականացվում են բարելավումներ ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական դատավարության թվային համակարգերում։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ շուտով կգործարկվի սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախկինում նախատեսված ժամկետում չէր գործարկվել։ Նրա խոսքով՝ այն կգործի ամենաուշը հաջորդ ամսվա սկզբին։
Անդրադառնալով հետագա քայլերին՝ Արդարադատության նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նաև քրեական դատավարության էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում բոլոր դատավարական գործընթացներն ունենան միասնական էլեկտրոնային հարթակ և թվային իրականացում։
«Մեր առջև դրված խնդիրն է մեր երկրում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները»,- եզրափակեց Գալյանը։