Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»

Քաղաքականություն

12.05.2026 | 22:25

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերը Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին չի կարող համարվել բարեկամական քայլ Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Բառացիորեն Հաղթանակի օրվա նախօրեին՝ տոն, որը միավորում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին, Երևանում տեղի ունեցավ գագաթնաժողով, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը։ Դրան հաջորդեցին ներկաների ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ նրանց, որոնց, ամենայն հավանականությամբ, միացել է նաև Փաշինյանի «անձնական» հյուրը՝ Կիևի արյունալի ռեժիմի ղեկավարը՝ Զելենսկին։ Բացարձակապես պարզ է. Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը չի կարելի անվանել բարեկամական քայլ մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների կամ նույնիսկ հայ ժողովրդի նկատմամբ», – գրել է Վոլոդինը ռուսական Max մեսենջերում։

Նա նշել է, թե խոսքը միջամտության կամ Հայաստանի ինքնիշխանության մասին չէ։

«Խոսքը բարոյականության և ազնվության մասին է։ Կամ ունես դրանք, կամ՝ ոչ։ Կարող ես բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ ունես այդ հատկանիշները»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նշենք, որ Զելենսկին Երևանում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ոչ թե ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին։

Ավելի վաղ նրա այցը մեկնաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment