ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծ, որը վերջ է դնում դաշնային կառույցների աշխատանքի՝ հունվարի 31-ից սկսված մասնակի դադարեցմանը՝ շաթդաունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:
«Ես ուրախ եմ ստորագրել Համախմբված հատկացումների մասին օրենքը՝ դաշնային կառավարության աշխատանքն անհապաղ վերսկսելու և գործառնությունների ճնշող մեծամասնությունը մինչև ֆինանսական տարվա ավարտը (2026 թվականի սեպտեմբերի 30) ֆինանսավորելու համար», — ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորումը վերսկսելու օրինագծի օգտին. այն պաշտպանել էր 217 կոնգրեսական, դեմ էր արտահայտվել 214-ը։
Կառավարության ֆինանսավորումը մասնակիորեն կասեցվել էր տեղական ժամանակով հունվարի 31-ի կեսգիշերին։