Գերմանիան և Ուկրաինան հեռահար ԱԹՍ-ների համատեղ արտադրություն կգործարկեն

Բաժանորդագրվել

Ուկրաինացի գործընկեր Ֆեդորովի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսն ընդգծել է, որ Գերմանիան և Ուկրաինան «ռազմավարական գործընկերներ» են։ Մանրամասները հաղորդում է Die Zeit-ը:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Բեռլինն ու Կիևը դիտարկում են 1,5 հազար կիլոմետր թռիչքի հեռահարությամբ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն ծավալելու հնարավորությունը։ Այս մասին Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Պաշտպանական ոլորտում նոր համատեղ նախագծեր մեկնարկելու նպատակով Գերմանիայի պաշտպանության նախարարը Կիև է ժամանել չհայտարարված այցով, հայտնում է Die Welt-ը։

Միևնույն ժամանակ Die Zeit-ը հաղորդում է, որ Կիևում կայացած հանդիպումների ժամանակ Պիստորիուսը հայտարարել է, որ իր երկիրն ակտիվորեն կաջակցի ուկրաինացի մշակողներին և կօգտագործի ուկրաինական մարտական փորձը։ Գերմանիայի և Ուկրաինայի նախարարները մտադրությունների մասին նամակ են ստորագրել՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման և «Brave Germany» նորարարական ստարտափների աջակցության համատեղ ծրագիր մեկնարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ուկրաինան և Գերմանիան ստորագրել էին 4 միլիարդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է ՀՕՊ համակարգերի հզորացում, հեռահար սպառազինությունների զարգացում և ԱԹՍ-ների համատեղ արտադրության գործարկում։

Leave a comment