Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը

Բաժանորդագրվել

Տարբեր տեղեկություններով՝ 1915-1916թթ․ հայկական ճեմարանն ուներ 300-ից ավելի սան, այստեղ է ուսանել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հայ Առաքելական եկեղեցին կվերականգնի Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի պատմական շենքը։ Այս մասին նշված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները դեռ 2025 թվականին հայկական ճեմարանի պատմական շենքը՝ որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Գործուն ջանքեր է ներդրել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Թեմից հայտնում են, որ շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով Դոնի Ռոստով է մեկնել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Այստեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել։

Հավելենք, որ երկար տարիներ լքված լինելով՝ շենքը հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:

19-րդ դարի վերջին քառահարկ շենքում գործել է աստվածաբանական դպրոց, որը 1881թ․ Ալեքսանդր 2-րդ կայսեր հրամանով վերածվել է ճեմարանի։ Այն ծառայում էր Դոն Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակության համար։ Ճեմարանում կրթությունը վեցամսյա էր, այն մեծ համբավ էր վայելում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ 1915-1916թթ, ուներ ավելի քան 300 աշակերտ և 15 ուսուցիչ։ Ճեմարանի սաներից է եղել ծնունդով նախիջևանցի Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ VI-ը: 1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվել է, իսկ հոգևորական մանկավարժները կեղծ մեղադրանքներով դատապարտվել են մահապատժի։

Leave a comment