Հայաստանում հայտնաբերվել են հնարավոր վտանգավոր թեյնիկներ

Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։


«Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։


Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար», – նշված է հաղորդագրության մեջ։


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։


Նշվում է, անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝060 68 02 42, Թեժ գիծ՝ 85 20։


«ԱՌԿԱ» գործակալությունն այս տեղեկատվության հետ կապված պարզաբանում ստանալուն պես կհրապարակի այն։

Leave a comment