«Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք Ռուսաստանի շահերին վնասելու նպատակ չունենք։ Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց չենք դնում օրակարգում։
ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչեւ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե, դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։
Ես համաձայն չեմ նաեւ «ապահարզան» ձեւակերպման հետ, քանի որ մենք երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ»,- քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշել է, որ մայիսի 28-ից 29-ը չի մասնակցելու ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պաշտոնական Երեւանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե՞ մնալ ԵԱՏՄ անդամ: Ռուսաստանի նախագահը կարծիք էր հայտնել, որ գուցե Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվեն «քաղաքակիրթ ապահարզան»-ի մասին։
Փաշինյանը համաձայն չէ Պուտինի «ապահարզան» ձեւակերպման հետ
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ այս պահին օրակարգում ԵԱՏՄ եւ ԵՄ միջեւ ընտրության հարց չկա: