Հանտավիրուսի բռնկում գրանցած Hondius զբոսանավից տարհանված հինգ ֆրանսիացի ուղևորներից մեկի մոտ ախտանիշներ են զարգացել հայրենիք վերադառնալու ճանապարհին: Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն այս մասին հայտնել է X-ում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նրա խոսքով՝ բոլոր հինգ ուղևորները մեկուսացվել են մինչև հետագա ծանուցումը։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության ներքո և կանցնեն թեստավորում ու լիարժեք բժշկական զննում։
MV Hondius զբոսանավը մայիսի 10-ի առավոտյան ժամանել էր Թեներիֆե կղզու Գրանադիլյա դե Աբոնա նավահանգիստ: Նավի վրա եղել են 140-150 ուղևորներ, անձնակազմի անդամներ և ուղեկցող մասնագետներ 23 երկրներից: Նավի վրա վարակից նախկինում մահացել էր երեք ուղևոր, առնվազն ութ մարդու մոտ հաստատվել էին ախտանիշներ:
Երբ Hondius-ը կանգ է առել Թեներիֆեում, նավի վրա մնացել էին չորս գերմանացիներ, հաղորդում է dpa-ն։ Նրանք, մի քանի այլ ուղևորների հետ միասին, հատուկ չվերթով տեղափոխվել են Նիդերլանդների Էյնդհովեն, որտեղից էլ կմեկնեն Մայնի Ֆրանկֆուրտ ու կարանտինային հսկողության տակ կվերցվեն։
Գերմանիայի իշխանությունները չեն հայտարարել հանտավիրուսի հավանական դեպքերի համար կարանտինի ժամկետների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախկինում խորհուրդ էր տվել 42-օրյա կարանտին նավի բոլոր ուղևորների համար։
Չնայած զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկմանը՝ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար Լարս Շաադեն որևէ սպառնալիք չի տեսնում Գերմանիայի բնակչության համար: Գիտնականը պնդում է, որ վիրուսը կարող է մարդկանց մոտ ծանր հաշմանդամություն առաջացնել, բայց այն հեշտությամբ տարածվող վարակ չէ։
Համեմատելով իրավիճակը COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետ՝ Շաադեն նշել է. «Դա բոլորովին այլ վիրուս է, և վտանգի մակարդակն անհամեմատելի է։ Հանտավիրուսը հայտնի է և ուսումնասիրվել է շատ երկար ժամանակ: Մինչդեռ COVID-19-ը չուսումնասիրված վիրուս էր՝ եզակի հատկություններով բռնկման պահին»։
Շաադեն նշել է, որ 1995 թվականին հանտավիրուսի հայտնաբերումից ի վեր գրանցվել է մի քանի հազար դեպք: Այնուամենայնիվ, բռնկումն «ամեն անգամ վերահսկողության տակ է վերցվել»:
Հանտավիրուսի մի քանի տեսակներ կան։ Այն ամենից հաճախ փոխանցվում է կրծողների, օրինակ՝ առնետների կղանքից վարակված փոշու միջոցով։ Մասնագետների կարծիքով՝ հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Միակ բացառությունը Հարավային Ամերիկայում տարածված Անդյան շտամն է, որը կարող է փոխանցվել սերտ շփման միջոցով։ Այս տեսակի հանտավիրուսն է տարածվել MV Hondius զբոսանավի դեպքում։ ԱՀԿ-ն կասկածում է, որ ուղևորներից մեկը, որը նոյեմբերի վերջից կնոջ հետ ճանապարհորդել էր Արգենտինա, Չիլի և Ուրուգվայ, վարակվել է վիրուսով մինչև նավ նստելը։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ դեպքերի մեծ մասում հիվանդությունն ասիմպտոմատիկ է կամ որևէ հատուկ ախտանիշ չունի։ Սակայն հանտավիրուսները կարող են նաև առաջացնել արյունահոսությամբ ուղեկցվող ջերմություն, առաջացնել սրտի անբավարարություն և ախտահարել թոքերն ու երիկամները։ Ներկայում հանտավիրուսային պատվաստանյութեր չկան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում կամ Հարավային Ամերիկայում։ Պատվաստանյութեր օգտագործվում են Չինաստանում և Հարավային Կորեայում, սակայն դրանց արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի