Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական հասարակության մեջ կան քաղաքական ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով»:
Ինչպես հաղորդում է Ազերտաջը, Ալիեւն այդ մասին ասել է մայիսի 10-ին Զանգելանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ «մեր անտառների 60 հազար հեկտարը ոչնչացվել է վայրի օկուպանտների կողմից Քելբաջարում, Լաչինում եւ մասամբ՝ Զանգելանում»:
«Սա եւ կողոպուտ է, եւ թշնամանք, եւ դաժանություն, ընդ որում՝ բոլորովին անհիմն:
Ադրբեջանական ժողովուրդը հայ ժողովրդին ոչ մի վատ բան չի արել: Մեր նկատմամբ իրենց ատելության պատճառները, հավանաբար, պետք է ուսումնասիրեն հոգեբույժները: Քանի դեռ հայ հասարակության մեջ գոյություն ունեն Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով ապրող քաղաքական ուժեր, մենք պետք է զգոն լինենք», – նշել է Իլհամ Ալիեւը: