ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։


 


Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի և գրանցված արդյունքների համար։


 


Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։


 


Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով մասնավորապես Քրեական և Համայնքային ոստիկանության ոլորտներին։


 


Անդրադառնալով Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաև համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։


 


Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։


 


Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին և համատեղ նախաձեռնություններին։


 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Դիտումների քանակ2

Leave a comment