«Հրապարակ»․ թերթը գրում է․
Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի եւ Երեւանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձեւավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերեւի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջեւ ընտրեն, նաեւ՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։
ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։
«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։
Ըստ դրանց՝ արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։
Նշենք, որ այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի իմաստ չկար ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում: Ակնհայտորեն, մութ նպատակով է դա արվում TV-ների ազատությունը սահմանափակելու համար: Մեկ այլ վտանգավոր դրույթ էլ են ներդնում` արգելել օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, որը եւս կամայականորեն կմեկնաբանվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։
Մեր աղբյուրների գնահատմամբ՝ առաջիկա օրերին ՔՊ-ականները կենտրոնանալու են սեփական քաղաքական «գովազդի» վրա՝ սոցցանցերում հանդես գալով բարձրագոչ հայտարարություններով և ինքնագովազդային ուղերձներով։ Սակայն, թե որքան արդյունավետ կլինի այս մեխանիզմը վերջնական ընտրության վրա ազդելու առումով, դեռ դժվար է կանխատեսել։
Հիշեցնենք, որ դեռ հունվարի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյան-ը մտադիր է երկար և բազմափուլ գործընթացի միջոցով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին՝ գործընթացը պահելով խիստ ներքին մրցակցության դաշտում։
Նախատեսվում է, որ ամբողջ ընտրական շղթան՝ 280-ից մինչև 50-ի կրճատումը, իրականացվելու է Քաղաքացիական պայմանագիր-ի ներսում՝ պատվիրակների քվեարկությունների միջոցով, որտեղ վճռորոշ դեր կունենա ոչ միայն քաղաքական անցյալը, այլև քարոզչական արդյունավետությունը»։