Մոսկվան Երևանից պարզաբանում է ակնկալում․ Պեսկովը՝ Երևանում Զելենսկիի հայտարարությունների մասին

Քաղաքականություն

10.05.2026 | 15:57

Կրեմլն աննորմալ է համարում այն, որ Հայաստանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարություններ անելու համար։ Այս մասին Вести-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է Երևանի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ։

Պեսկովը նշել է, թե ցանկացած միջոցառման անցկացում, այդ թվում՝ Եվրամիության հետ գագաթնաժողովի կազմակերպումը, Երևանի «բացարձակ ինքնիշխան իրավունքն» է․ «Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է բազմավեկտոր մոտեցմամբ»։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, այն, որ Ուկրաինայի նախագահին թույլ է տրվել այդ հարթակն օգտագործել հակառուսական հայտարարությունների համար, «չի համապատասխանում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ոգուն»։

Կրեմլի խոսնակն ընդգծել է՝ Ռուսաստանի համար ամենակարևորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի։

Հիշեցնենք՝ մայիսի 4-5-ին Երևանում անցկացվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների պատմության մեջ առաջին գագաթնաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին» և նույնիսկ «պայթել դրա վերևում»։

 

Leave a comment