Շոյգուի հետ փաստաթուղթ եմ ստորագրել․ Վաղարշակ Հարությունյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.05.2026 | 20:41

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը չի հստակեցնում՝ այսօր իրեն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում է տեսնում։ Հարցին՝ պայքարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի դեմ, որը ժամանակին իրեն նշանակել էր պաշտպանության նախարար և հետագայում՝ ՌԴ-ում դեսպան, Հարությունյանը պատասխանեց, որ տարբեր ժամանակներում պաշտոններ է ստացել նաև Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռոբերտ Քոչարյանից՝ ընդգծելով, որ զինվորականը երդվում է ծառայել պետությանը, ոչ թե առանձին իշխանությունների։

Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին՝ իշխանության գալու ծրագրով, սակայն այս փուլում որևէ քաղաքական ուժի հետ հնարավոր կոալիցիայի մասին խոսելը վաղ է համարում։

Հարությունյանի խոսքով՝ հետընտրական որոշումները կախված կլինեն ստացած ձայներից և ընտրողների դիրքորոշումից։ Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի հարցին՝ Հարությունյանը պնդեց, որ այդ տարածքից նահանջելը բխել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդհանուր տրամաբանությունից։

Հարությունյանը նաև պատմեց, որ ադրբեջանական ուժերի՝ ճանապարհին տեղակայվելու վտանգի պայմաններում կապ է հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ինչից հետո ռուս սահմանապահներ են տեղակայվել տվյալ հատվածում։

Նրա խոսքով՝ հետագայում ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ, որով ապահովվել է Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժը։

Ըստ նախկին նախարարի՝ այդ պայմանավորվածությունը գործել է շուրջ մեկուկես տարի և հնարավորություն տվել Հայաստանին ժամանակ շահել ու կառուցել Տաթևի այլընտրանքային ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment