Մայիսի 5-ին կայացած Ազգային ժողովի նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, թե «մարդիկ դրամին չեն վստահում»։
«1 տարվա ավանդի տարեկան տոկոսադրույքը 8-8.5-9 տոկոս է, ոչ ավել, իսկ դոլարով՝ 2.5-3 տոկոս․․․ Մարդիկ ուղղակի դրամին չեն վստահում, որովհետև չկա խելամիտ պատճառ 375.000 դրամը պահել 1000 դոլարի տեսքով և մեկ տարի հետո ստանալ ընդամենը 3%, եթե նույն 375․000 դրամը կարող ես ներդնել ու ստանալ 9%»,- ասել էր նա՝ նկատի ունենալով այն, որ մարդիկ շարունակում են արտարժույթով ավանդներ ունենալ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի հայտարարությունը՝ վերլուծելով Հայաստանի կենտրոնական բանկի վիճակագրությամբ արտացոլված քաղաքացիների դրամային և արտարժույթով ավանդների ցուցանիշները՝ վերջին տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ։
Ուսումնասիրության շրջանակում դիտարկել ենք ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ քաղաքացիների դրամային և արտարժույթով ավանդների ցուցանիշները։
Արտարժույթով ավանդների տվյալների վիճակագրությունը Հայաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է դրամային համարժեքով։
Ավանդների ցուցանիշը՝ 2017-2026 թթ․
Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 2017-2026 թվականներին Հայաստանի բանկային համակարգում ամենամեծ տարբերությունը գրանցվել է ՀՀ դրամով ռեզիդենտների ավանդների հատվածում։ Այս ցուցանիշը 2017-ի մարտի 31-ի դրությամբ 731.5 մլրդ դրամ էր։ Շարունակական աճի արդյունքում 2026-ի մարտի 31-ի դրությամբ այն կազմել է 4 տրլն 19 մլրդ դրամ։ Հետաքրքիր է, որ ՀՀ դրամով ռեզիդենտների ավանդների ցուցանիշն ավելի արագ է բարձրացել հատկապես 2022 թվականից հետո։
Ռեզիդենտների արտարժույթով ավանդները նույն ժամանակահատվածում աճել են ավելի չափավոր տեմպերով՝ 2017-ին այն կազմել է 1 տրլն 71 մլրդ, 2026-ին՝ 1 տրլն 953 մլրդ դրամ։
Ոչ ռեզիդենտների արտարժույթով ավանդների ցուցանիշը զգալիորեն ավելացել է 2022-2023 թվականներին, որից հետո այն որոշակի շարունակական աճ է գրանցել և այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել 1 տրլն 335 մլրդ դրամ։
Ոչ ռեզիդենտների ՀՀ դրամով ավանդները բոլոր տարիներին պահպանել են ամենացածր մակարդակը։
Ավանդների %-ային բաշխվածությունը՝ 2026-ին
2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ավանդների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմել են ՀՀ դրամով ռեզիդենտների ավանդները՝ 4 տրլն 19 մլրդ դրամ կամ ընդհանուրի 53%-ը։
Երկրորդ խոշոր հատվածը կազմել են ռեզիդենտների արտարժույթով ավանդները՝ 1 տրլն 953 մլրդ դրամ կամ 25.7%։
Ոչ ռեզիդենտների արտարժույթով ավանդները կազմել են 1 տրլն 335 մլրդ դրամ՝ ընդհանուր ավանդների 17.61%-ը, իսկ ոչ ռեզիդենտների ՀՀ դրամով ավանդները՝ 272 մլրդ դրամ կամ 3.6%։
Ընդհանուր առմամբ, ՀՀ դրամով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ավանդները միասին կազմել են բանկային համակարգի ավանդների մոտ 56.6%-ը, իսկ արտարժույթով ավանդները՝ մոտ 43.4%-ը։
Վերջին 2 տարիների համեմատականը
2025 և 2026 թվականների մարտի 31-ի դրությամբ բանկային ավանդների կառուցվածքի համեմատությունը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում աճել է հատկապես ՀՀ դրամով ռեզիդենտների ավանդների մասնաբաժինը։
Եթե 2025-ին դրանք կազմել են բանկային համակարգի ավանդների 47.6%-ը, ապա 2026-ին՝ արդեն 53.02%-ը։ Միաժամանակ, արտարժույթով ռեզիդենտների ավանդների մասնաբաժինը նվազել է՝ 29.5%-ից հասնելով 25.7%-ի։
Արտարժույթով ոչ ռեզիդենտների ավանդների մասնաբաժինը ևս փոքր-ինչ նվազել է՝ 18.9%-ից մինչև 17.6%, իսկ ՀՀ դրամով ոչ ռեզիդենտների ավանդները՝ 3.9%-ից մինչև 3.6%։
Այսպիսով, ԿԲ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգում առավել արագ աճել են քաղաքացիների դրամային ավանդները։
2026 թվականի մարտի 31-ի դրությամբ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ քաղաքացիների ՀՀ դրամով ավանդները կազմել են ավանդների ընդհանուր ծավալի մոտ 56.6%-ը (2025-ին՝ 51.5%), իսկ արտարժույթով ավանդները՝ մոտ 43.4% (2025-ին՝ 48.5%)։
Հետևաբար, պատգամավորի այն դիտարկումը, թե մարդիկ շարունակում են նախընտրել արտարժույթով խնայողությունները, ԿԲ պաշտոնական տվյալներով չի հաստատվում։
Այդուհանդերձ, արտարժույթով ավանդները շարունակում են պահպանել զգալի մասնաբաժին բանկային համակարգում։
Գայանե Մարկոսյան
The post «Մարդիկ դրամին չեն վստահում» Արթուր Խաչատրյանի պնդումը չի հաստատվում թվերով. ի՞նչ են ցույց տալիս ԿԲ տվյալները appeared first on FIP.AM.