Wildberries-ը հայտնել է Հայաստանից ապրանքների վաճառքի փուլային վերականգնման մասին

Wildberries-ը հայտնել է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին


ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․     Wildberries-ը հայտնել է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։


Wildberries-Armenia-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։


Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։


Համաձայն Wildberries-Armenia-ի մամուլի ծառայության հայտարարության՝ պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։


Նշվում է, որ ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։


«Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով»,- նշել են Wildberries-Armenia-ի մամուլի ծառայությունում։


Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։


Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։


Wildberries-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին և վաճառողներին համագործակցության և կառուցողական փոխգործակցության համար։


Wildberries և Ozon հարթակներում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին


Մայիսի 1-ին հայտնի դարձավ արտերկրում Wildberries և Ozon հարթակներով հայ արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցման մասին:


«Wildberries-Armenia»-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ իրավիճակը կապված է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակներում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառման հետ: Ընկերությունից հիշեցրել են, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոխվել են մաքսային ձևակերպման կանոնները: Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են թարմացված ընթացակարգերի շրջանակներում:


Ozon-ում նույնպես հայտնել են Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքների առաքման ժամանակավոր դժվարությունների մասին՝ կապված մաքսային ձևակերպումների փոփոխությունների հետ:


 


 

Leave a comment