ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցություններին. FT

Քաղաքականություն

08.05.2026 | 14:27

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների։ Այս մասին Financial Times-ին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, գրում է Meduza-ն։

ԵՄ երկրներն «ունեն ներուժ» Պուտինի հետ բանակցությունների համար, դաշինքը վայելում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աջակցությունը նման բանակցությունների համար, ասել է Կոշտան։

«Ես բանակցություններ եմ վարում ԵՄ 27 երկրների ղեկավարների հետ՝ որոշելու մեր աշխատանքը կազմակերպելու լավագույն եղանակը և հասկանալու, թե ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ ժամանակը գա»,- հավելել է Կոշտան։

Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ ապրիլին Կիպրոսում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Զելենսկին «կոչ է արել մեզ պատրաստ լինել դրական ներդրում ունենալ բանակցություններում»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադրություն չունի միջամտել ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններին և դեռևս չի տեսել Մոսկվայի կողմից Բրյուսելի հետ երկխոսության պատրաստակամության որևէ նշան։

«Կա [Պուտինի հետ բանակցությունների] ներուժ, բայց մինչ այժմ ոչ ոք չի տեսնում որևէ նշան, որ Ռուսաստանը ցանկանում է արդյունավետորեն մասնակցել լուրջ բանակցությունների»,- նշել է Կոշտան։

Եվրամիությունը գնալով ավելի է հիասթափվում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններից։ Եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ բանակցությունները ձգձգվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment