Պուտինի օգնականն ասել է, թե Կրեմլն ափսոսում է, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի վրա նստելու փորձերը»

Քաղաքականություն

07.05.2026 | 18:28

Երևանը շարունակում է հավատարիմ մնալ հավասարակշռության քաղաքականությանը՝ «երկու աթոռների վրա նստած»։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, գրում է Ինտերֆաքսը։

Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունները։

«Այս բանակցությունների ընթացքում բոլոր հարցերը պարզաբանվել են։ Ցավոք, Երևանը դեռևս փորձում է պահպանել «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կարող է շարունակվել այս դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով վերջին իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման հետ կապված Ինտերֆաքսի հարցին, այդ թվում՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրման, և արդյո՞ք Կրեմլը դա դիտարկում է որպես Ռուսաստանի հետ համագործակցությունը խզելու ուղի։

«Բայց այս ամենը, իհարկե, վնասակար է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։ Ես կասեի, որ դա ավելի օգտակար է մեր հայ ընկերների, քան նույնիսկ մեզ համար»,- ասել է նա։

Ուշակովն անդրադարձել է նաև «բարենպաստ իրավիճակին», մասնավորապես, տնտեսական զարգացման ոլորտում․ «Այնուամենայնիվ, սա կապված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման հետ, մասնավորապես, Հայաստանի փոխգործակցության հետ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment