Բաքվում հերքել են Ֆրանսիայի ԱԳ նախարարի «մեղադրանքները» եկեղեցիների ոչնչացման մասին

Երեւան: Մեդիամաքս: Բաքուն «վճռականորեն հերքում է մայիսի 6-ին Սենատում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հնչեցրած մեղադրանքները»։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ, որը մեջբերում է Անադոլու գործակալությունը։
Նա նշել է, որ «Ֆրանսիայի նախարարի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունների կիրառումն անընդունելի է»։
«Վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ եւ հարցականի տակ դնում մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը մի ժամանակաշրջանում, երբ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում սեփական ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի մղած արդար պատերազմից հետո պայմաններ են ստեղծվել տարածաշրջանում կայուն խաղաղության համար», – ասված է մեկնաբանության մեջ։
Հաջիզադեն նշել է, որ «ֆրանսիացի նախարարի հայտարարությունները՝ կապված օկուպացիայի ժամանակներից մնացած որոշ կառույցների քանդման հետ՝ անտեսելով Հայաստանի կողմից օկուպացիայի շրջանում Ադրբեջանի տարածքներում հարյուրավոր մզկիթների եւ մշակութային ժառանգության այլ օբյեկտների ավերման փաստը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ընթացող գործընթացին անտեղի հղումը, երկակի ստանդարտների վառ օրինակ են»։

Leave a comment