Կայուն աճ և նոր նախաձեռնություններ․ Ամունդի-Ակբայի 2025-ի արդյունքները

2026 թվականի ներդրումային ծրագրերի ներկայացմանն ընդառաջ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ամփոփել է 2025 թվականի գործունեության արդյունքները՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու առաջիկա զարգացումները՝ ուղղված կենսաթոշակային շահառուների հնարավորությունների ընդլայնմանը։

Այսօր Ամունդի-Ակբան Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչներից է։ 2025 թվականի ավարտին ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը կազմել է շուրջ 750 միլիարդ դրամ, ինչը վկայում է համակարգում ձևավորված բարձր վստահության մասին։

Պահպանողական, Հավասարակշռված և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման շրջանակում ընկերությունը համադրում է միջազգային ներդրումային փորձը և տեղական շուկայի խորքային իմացությունը։ Արդյունքում՝ ավելի քան մեկ տասնամյակ Ամունդի-Ակբան ապահովում է կայուն զարգացում՝ այսօր կառավարելով շուրջ 558 հազար քաղաքացու կենսաթոշակային միջոցները։

2025 թվականը ֆինանսական շուկաների համար բնութագրվել է փոփոխականությամբ, սակայն ընկերությանը հաջողվել է արդյունավետ կառավարել արժութային և շուկայական ռիսկերը։ Դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելները հնարավորություն են տվել ապահովել դրական եկամտաբերություն՝ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների երկարաժամկետ շահերը առաջնահերթ համարելով։

Տարվա ընթացքում ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է՝
Պահպանողական ֆոնդում՝ 12 տոկոս,
Հավասարակշռված ֆոնդում՝ 12.4 տոկոս,
Կայուն եկամտային ֆոնդում՝ 10.1 տոկոս։

Երկարաժամկետ կտրվածքով ևս արձանագրվել են խոսուն ցուցանիշներ։ 2025 թվականի վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների շուրջ 26 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում ստացված եկամտի հաշվին։ Ակտիվների մոտ 64 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսությունում, իսկ մնացած մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։

2025 թվականին Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով նաև ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների թողարկած կորպորատիվ պարտատոմսերում։ Զուգահեռաբար կիրառվել են նոր ֆինանսական գործիքներ՝ արժութային ռիսկերի նվազեցման, իրացվելիության և եկամտաբերության ավելի արդյունավետ կառավարման նպատակով, ինչպես նաև օգտագործվել են մասնավոր կապիտալի հնարավորությունները։

Առաջիկա տարիներին ընկերությունը նախատեսում է խորացնել համագործակցությունը տարբեր կառույցների հետ՝ նպաստելու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և աջակցելու երկրի տնտեսության կայուն ու երկարաժամկետ աճին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment