Տասնյակ միլիոններ չենք ծախսել, որ երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիների մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե բյուջեից երկու անգամ նույն ճանապարհի վրա փող ենք ծախսում, ինչն այդպես չի»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ խնդիրը դրել են՝ որակի հարցում կոմպրոմիս լինել չի կարող և չի էլ լինելու. «Այդ ճանապարհները չեն ընդունվելու, բացառված է: Մարդիկ պետք է իմանան, որ Կառավարությունը որակի, ստադարտի նկատմամբ նախանձախնդիր է: Այն դեպքերում, երբ մենք ժամանակահատված ենք ունենում, երբ քաղաքային իշխանություններն ինչ-ինչ պատճառներով որոշում են, որ մեկուսացված աշխատեն և Կառավարության հետ նորմալ չեն համագործակցում, դրա հետևանքները երևում են, դրա հետևանքները երևացին և՛ Երևանում, և՛ Գյումրիում էլ ահավոր ձևով են երևում: Ահավոր տեսարան էր, որ Գյումրիի Անի թաղամասում փոսերի միջով երթևեկում ես, երբ հասնում ես Գյումրիի ցուցանակին, դրանից 3 սմ այն կողմ սկսվում է գերազանց որակի ճանապարհ: Այս ամենը նրա հետևանք է, որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ չեն համագործակցել: Երևանի համար պետք է 50 կմ ճանապարհ նախատեսենք և Գյումրիում էլ հիմա ծրագիր անում ենք Անի թաղամասի համար: Պետք է լուծումը գտնենք, որ ամեն տարի Գյումրիում էլ որոշակի ներդրումներ անենք, որպեսզի նման վիճակներ չլինեն»:
Անդրադառնալով Գյումրիի շատրվաններին՝ վարչապետն ասաց. «Տեսանյութ տեսա, ուրախությամբ արձանագրում եմ, որ Գյումրիի շատրվանները շատ գեղեցիկ են ստացվել, բայց երաժշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա: Պետք է շատ ուշադիր լինենք, որ երկիրը ծիծաղելի վիճակում չհայտնվի, տասնյակ միլիոնները դրա համար չենք ծախսել, որ վերջում երկիրը ծիծաղելի վիճակում հայտնվի»: