ԱՄՆ ներկայացուցիչները վերջին 24 ժամվա ընթացքում «շատ լավ» բանակցություններ են վարել իրանական կողմի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Օվալաձև կաբինետում լրագրողների հետ շփման ընթացքում նա նշել է, որ Իրանի հետ գործարքը կկնքվի։
«Շատ հավանական է, որ մենք գործարք կկնքենք»,- ասել է նա։
Բացի այդ, Թրամփը պնդել է, թե Թեհրանն իբր տվել է իր համաձայնությունը միջուկային զենքից հրաժարվելու առաջարկին։
«Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, — ասել է նա լրագրողներին: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել, և միանգամայն հնարավոր է, որ համաձայնության հասնենք»։
Հատկանշական է, որ Թրամփը՝ արդեն ոչ առաջին անգամ, հայտարարել է, թե Իրանը համաձայնել է երբեք չունենալ միջուկային զենք «մյուս պայմանների հետ միասին»։
Սակայն իրանական կողմը դա որևէ կերպ չի հաստատում։
ԱՄՆ նախագահը նաև հասկացրել է, որ համաձայնության հասնելու համար նախատեսված 30-օրյա ժամկետը, որի մասին գրել էին ամերիկյան լրատվամիջոցները, կարող է ճկուն լինել։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասել է, որ «ոչ մի վերջնաժամկետ գոյություն չունի»։
Միևնույն ժամանակ, վարչակազմը շարունակում է գրեթե չբացահայտել բանակցությունների մանրամասները, թեև Թրամփը և այլ պաշտոնյաներ պարբերաբար պնդում են, որ դրանք հաջող են ընթանում։
Եվ թեև Սպիտակ տունը շարունակում է ակնարկել, որ խնդրի լուծման «ուժային տարբերակը» չի բացառվում, հրապարակայնորեն այնտեղ շարունակում են վստահություն հայտնել, որ դրան չի հասնի։