2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում հազարավոր միավոր զենք է դուրս եկել վերահսկողությունից։
Արդյունքում երկրում կտրուկ աճել են ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման դեպքերը։ Եթե դրան նախորդող տարիներին այդ ցուցանիշները համեմատաբար կայուն էին, ապա վերջին հինգ տարում արձանագրվել է էական աճ՝ 2025 թվականին հասնելով ուսումնասիրվող ժամանակահատվածի (2010-2025) ամենաբարձր մակարդակին։
Ներքին գործերի նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են, որ վերջին տասնամյակներում Հայաստանում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած պատերազմական գործողություններով։
ՆԳՆ նախկին նախարար Վահե Ղազարյանը 2024 թվականի հունվարին հայտարարել էր, որ օպերատիվ տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է բերվել Հայաստան, իսկ ահա 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, անհետացել է շուրջ 17 հազար ինքնաձիգ։
Այս երևույթը բնորոշ չէ միայն Հայաստանին։ Աշխարհի բազմաթիվ երկրներում զինված հակամարտություններից հետո զենքի մի մասը մնում է քաղաքացիական անձանց մոտ՝ մեծացնելով ապօրինի շրջանառության ռիսկերը։
Միաժամանակ, վերջին տարիներին ՆԳՆ ոստիկանությունն ակտիվացրել է պայքարը ապօրինի զենքի շրջանառության դեմ։ 2023-ը նույնիսկ հայտարարվել էր ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման տարի։ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրավապահներն իրականացնում են օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում։ Արդյունքում՝ աճել է ինչպես հայտնաբերված դեպքերի, այնպես էլ կամավոր հանձնված զենք-զինամթերքի քանակը։
Ինչպես տեսնում ենք վերը նշված գծագրում՝ 2020 թվականից հետո (44-օրյա պատերազմ) ավելանում են ապօրինի զենքի շրջանառության բացահայտման թվերը, նաև՝ առգրավված ու կամավոր կերպով զենք-զինամթերք հանձնելու դեպքերը։
2020-ին հայտնաբերվել է զենքի ապօրինի շրջանառության 641 դեպք և առգրավվել / կամավոր հանձնվել է 693 զենք։ Իսկ ահա 2025 թվականին, այս թվերը աճում են՝ ապօրինի շրջանառության 1185 դեպք է հայտնաբերվում, իսկ առգրավված կամ կամավոր հանձնված միավոր զենքի քանակը կազմել է 2246։
Ուշագրավ է նաև, որ մինչև 2016 թվականը և 2020 թվականից հետո քաղաքացիներն ավելի ակտիվ են եղել ապօրինի զենք-զինամթերքը հանձնելու հարցում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ներկայումս իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հատկապես մեծ խմբաքանակների հայտնաբերումն է։
Ապօրինի զենքի շրջանառության դեմ պայքարին զուգահեռ, ՆԳՆ-ն նախաձեռնել է նաև օրենսդրական փոփոխություններ։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով փոխվել է պարգևատրական զենքի տրամադրման մոտեցումը։ Նոր կարգավորմամբ՝ Հայաստանում զենքով պարգևատրելու իրավունքը վերապահված է միայն վարչապետին, իսկ նախկինում առանց հստակ չափանիշների տրված զենքերը դուրս են բերվում օրինական շրջանառությունից։
ՆԳ նախարարությունը նաև հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողները ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Մինչդեռ, եթե այն հայտնաբերվում է իրավապահների կողմից, պատասխանատվությունն անխուսափելի է՝ այն կարող է լինել մինչև 5 տարի ազատազրկում։
Այսպիսով, Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության աճը վերջին տարիներին պայմանավորված է հատկապես 2020 թվականի պատերազմից հետո զենքի հնարավոր արտահոսքով և միաժամանակ իրավապահ մարմինների ակտիվ պայքարով։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս ոչ միայն բացահայտումների թվի աճ, այլև քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնման ավելի բարձր ակտիվություն։
Ընդհանուր առմամբ, պետությունը միաժամանակ փորձում է թե՛ վերահսկել ապօրինի շրջանառությունը, թե՛ խստացնել օրենսդրական դաշտը՝ նվազեցնելու դրանից բխող ռիսկերը։ Չնայած բացահայտումների աճին՝ դեռևս անհայտ է մնում, թե որքան զենք է շարունակում մնալ ապօրինի շրջանառության մեջ, և ինչ ռիսկեր է դա ստեղծում երկրի ներսում անվտանգության համար։
Արեն Նահապետյան
The post Հայաստանում զենքի ապօրինի շրջանառությունը կտրուկ աճել է․ պատերազմի հետևա՞նք, թե՞ իրավապահների աշխատանքի արդյունք appeared first on FIP.AM.