Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից Լորան Վոկիեն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։

Հայ գերիների մասին բանաձևում նշվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, Ադրբեջանի ցանկության մի մասն է՝ «վարել Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն»։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասվում է ֆրանսիացի գործչի հեղինակած բանաձևում։

Ընթացիկ դատավարությունը և հայ գերիների շարունակական կալանքը կարող են երկարաժամկետ հեռանկարում խաթարել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  ստորագրված համատեղ հռչակագրի իրականացումը։ Այս փաստաթղթում, որը պաշտոնապես հաստատում է տասնամյակներ տևած հակամարտության «ավարտը», բանտարկյալների ճակատագիրը չի քննարկվում։

Հաշվի առնելով Ֆրանսիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում վաղեմի գործընկեր Հայաստանի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ բանաձևը․

1. Վերահաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով վտարվել է իր նախնիների հողից։

2. Հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը պետք է վերաբերի նաև Արցախի հայ բնակչությանը, և որ միջազգային հանրության պարտականությունն է՝ պահանջել, որ Ադրբեջանն անի իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության Արցախ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունը երաշխավորող պայմաններով։

3. Դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդների կամայական բանտարկությունն ու դատավարությունը և պահանջում է նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։

4. Կոչ է անում կառավարությանը՝ պահանջել, որ Ադրբեջանի Հանրապետությունն անհապաղ ազատ արձակի իր մոտ պահվող հայ գերիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment