Թողեք հայ ժողովուրդն ապրի. Քոչարյանը, Սամվել Կարապետյանն այս երկրի նավսերն են. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով` նախկինում Հայաստանը եղել է ծնկած։ «Կա՛մ ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձեններս կտրում ենք, կա՛մ փորձում ենք առանց պատերազմի՝ մեր պետությանը տեր կանգնել»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը Բելառուսի իշխանություններին մեղադրել է 44-օրյա պատերազմի նախապատրաստման հարցում Ադրբեջանին օգնելու մեջ։ Մեկնաբանելով նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնված բողոքի նոտան՝ ԱԺ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ գործընկերոջ անհարգալից վերաբերմունքը վատթարացնում է հարաբերությունները, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ համատեղ 44-օրյա պատերազմի նախապատրաստումն ու «շատ այլ բաներ»։

Ինչպես ընդգծել է Սիմոնյանը, երկրի քաղաքականությունն ընտրում է հենց տվյալ երկիրը, իսկ Հայաստանի համար առաջնային արժեքներն են մարդու իրավունքներն ու ազատությունը։

«Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք (Բելառուսը)՝ մի քիչ այլ ճանապարհ, ոչ այնպիսին, ինչպիսին Հայաստանը»,- հայտարարել է Սիմոնյանը։

Պատասխանելով ոչ դիվանագիտական ձևակերպումների մասին հարցին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ դա իր բնավորությունն է, բացի այդ՝ խորհրդարանական գործունեությունն իրեն չի կաշկանդում ձևակերպումների մեջ՝ ի տարբերություն դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչների։

«Ի՞նչ եք կպել Բելառուսից»,- համբերությունը կորցնելով հայտարարել է Սիմոնյանը՝ հավելելով, որ բողոքի նոտայի մասին լուրը կարդացել է լրատվամիջոցներում և այլ տեղեկություններ չունի։

«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է։ Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար և ինձ համար անընդունելի է»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment