Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի պատվավոր պրոֆեսոր Նուրիել Ռուբինիի հոդվածի թարգմանությունը (կրճատումներով) ։
Նուրիել Ռուբինի
40-օրյա ռմբակոծություններից հետո Թրամփի վարչակազմին չհաջողվեց հասնել Իրանի կապիտուլյացիային, եւ վերջինս շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը։ Քանի որ Իրանը հարվածներ էր հասցնում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների կրիտիկական ենթակառուցվածքներին եւ սպառնում նավագնացությանը, Միացյալ Նահանգները վերադարձան TACO («Թրամփը միշտ զիջում է դիրքերը») ռեժիմին՝ համաձայնելով հրադադարի հաստատմանը։
Գնաճի տեմպերի արագացումը եւ տնտեսական ակտիվության դանդաղումը սպառնում են ստագֆլյացիայի բռնկմամբ՝ հենց այն ժամանակ, երբ դա կարող է զայրացնել ընտրողներին ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Չորս սցենար կա։
***
Առաջինը
Ընթացիկ հրադադարը կարող է հաջող բանակցությունների հիմք դառնալ՝ ռազմական գործողությունների վերջնական դադարեցման եւ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ։ ԱՄՆ-ն ազդեցության որոշակի լծակներ ունի, քանի որ դեպի իրանական նավահանգիստների շրջափակումն ուժեղացնում է ֆինանսական ճնշումը վարչակարգի վրա։ Թրամփը, հավանաբար, հույս ունի, որ ավելի չափավոր խմբակցությունը (հնարավոր է՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի գլխավորությամբ) կկարողանա համոզել կոշտ գծի կողմնակիցներին, որ միջուկային հարցում փոխզիջումը կբերի եւ՛ պատժամիջոցների չեղարկման, եւ՛ նեղուցով նավագնացությունից ստացվող եկամուտների վերականգնման։
Սակայն այս սցենարը քիչ հավանական է, քանի որ վարչակարգը կարող է դիմանալ տնտեսական դժվարություններին շատ ավելի երկար, քան Թրամփը (հաշվի առնելով մոտեցող միջանկյալ ընտրությունները): Ավելին, երկու կողմերի դիրքերը շատ հեռու են բազմաթիվ հարցերում։ ԱՄՆ-ն դեմ է իրանական բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ծրագրերին, Մերձավոր Արեւելքում արմատական իսլամիստական խմբավորումներին նրա աջակցությանը, մաքսատուրքերին, որոնք Իրանը ցանկանում է սահմանել Հորմուզով տեղաշարժի համար եւ այլն։ Այս խնդիրներից անգամ մեկի կարգավորումը երկարատև ու բարդ բանակցություններ կպահանջի։
Երկրորդը
Հրադադարը շարունակվում է, սակայն բանակցությունները ձգձգվում են եւս մի քանի ամիս, իսկ նեղուցը շարունակում է մնալ արգելափակված։ Սա նման է այն իրավիճակին, որն կա այսօր։ Այն զգալի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը, իսկ նավթի եւ էներգակիրների գները շարունակում են աճել։ Այս պայմաններում գլոբալ աճը կդանդաղի, իսկ գնաճը կարագանա։
Քանի որ այս սցենարն իր բնույթով անկայուն է, այն չի կարող երկու-երեք ամսից ավել շարունակվել։ Այն կամ տեղը կզիջի առաջին սցենարին (կողմերից մեկը կընկրկի եւ փոխզիջումների բավարար պատրաստակամություն կցուցաբերի՝ նեղուցը վերաբացելու եւ ավելի հաստատուն հրադադար ապահովելու համար), կամ հակամարտության էսկալացիայի կհանգեցնի։
Երրորդը
ԱՄՆ-ն եւ Իսրայելը կուժեղացնեն ճնշումը՝ գործի դնելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր ռազմական, տնտեսական եւ այլ միջոցները՝ հասնելու վարչակարգի կապիտուլյացիային կամ փլուզմանը։ Կապիտուլյացիայի դեպքում վարչակարգը ստիպված կլինի համաձայնել ուրանի հարստացման լիակատար դադարեցմանը եւ անվերապահորեն բացել նեղուցը։ Սա լավագույն արդյունքը կլիներ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի (ներառյալ Չինաստանը) եւ մնացած աշխարհի համար։
Ռիսկն այն է, որ իրանական վարչակարգը կհաղթահարի նման էսկալացիան։
Չորրորդը
Իրանն օգտագործում է իր զինանոցում մնացած բալիստիկ հրթիռները, անօդաչու սարքերը եւ ռազմածովային ուժերը՝ Ծոցի էլ ավելի մեծ թվով էներգետիկ օբյեկտներին զգալի ու անդառնալի վնաս հասցնելու համար՝ միաժամանակ պահպանելով վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Եթե դա տեղի ունենա, նավթի գները կհասնեն $200 բարելի դիմաց կամ նույնիսկ կգերազանցեն այդ նշագիծը, եւ մենք կբախվենք 1970-ականների ոճի ստագֆլյացիայի եւ համաշխարհային ռեցեսիայի։
Անշուշտ, էսկալացիան կարող է երկու կողմերին էլ դրդել բանակցային լուծում փնտրելուն, ընդ որում՝ երկրորդ սցենարը (ստատուս քվոն) ստիպված կլինի անցնել երրորդ կամ չորրորդ սցենարի միջով, նախքան առաջինով ավարտվելը։ Սակայն էսկալացիան կարող է նաեւ դուրս գալ վերահսկողությունից, այլ ոչ թե հանգեցնել բանակցություններին վերսկսմանը։
***
Թեեւ Թրամփը հույս ունի կյանքի կոչել առաջին սցենարը, նա, հավանաբար, ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։ Արմատականներն ու կոշտ գծի կողմնակիցներն առավելություն ունեն Թեհրանում։ Նրանք արդեն իսկ ցուցադրել էին իրենց պատրաստակամությունն ու կարողությունը՝ դիմակայելու շրջափակման տնտեսական դժվարություններին եւ ստիպված չեն լինելու առերեսվել ընտրողների հետ աշնանը։
Ինչ վերաբերում է երկարաժամկետ տնտեսական եւ շուկայական հետեւանքներին, ապա երրորդ սցենարը կատարյալ է, քանի որ այն կնշանակեր նեղուցով նավագնացության մշտական վերականգնում։ Երկրորդ առավել նախընտրելին կլիներ առաջին սցենարը, սակայն դա կնշանակեր, որ Իրանը ցանկացած պահի կարող է կրկին փակել նեղուցը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org