ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը եւ Լիլիթ Մինասյանը փետրվարի 3-ին խորհրդարանում հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովայի, Այլա վան Հեյլ Մերդանովիչի եւ Լաուրա Սիմոնյանի հետ:

Փորձագետների այցի նպատակն է իրականացնել գենդերային քաղաքականության ազգային գնահատում: Գործընթացն իրականացվում է ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով, այն ներառական եւ մասնակցային է:

Փորձագետները, ողջունելով պատգամավորներին, կարեւորել են առաջին ազգային գնահատումն իրականացնելու հնարավորություն ունենալու իրողությունը:

Ալխաս Ղազարյանի դիտարկմամբ վերջին ժամանակներում կանանց դերը բավականին բարձրացել է Հայաստանում, եւ արդեն իրողություն է, որ մեր երկրում կանայք զբաղեցնում են պատասխանատու, ղեկավար պաշտոններ: Նա ընդգծել է, որ մեր օրերում կանայք որոշումների կայացման եւ բավականին լուրջ աշխատանքների իրականացման գործում առաջնահերթ դերակատարություն ունեն: Խոսելով խորհրդարանում կնոջ դերակատարության մասին՝ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովում կին պատգամավորների գործունեությունը:

Լիլիթ Մինասյանը խոսել է քաղաքական եւ հանրային կյանքում գենդերային հավասարությանը վերաբերող ազգային մտածելակերպի, հոգեբանական ասպեկտների մասին՝ մասնավոր օրինակներով ներկայացնելով առկա խնդիրներն ու մարտահրավերները: Պատգամավորն անդրադարձել է կնոջը թիրախավորելու արատավոր երեւույթներին՝ շեշտելով, որ դրանց դեմ պետք է միասնական պայքարել:

Օրենսդիրները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքական եւ հանրային կյանքում կանանց ներգրավվածության, առաջնորդության վերաբերյալ՝ խոսելով անհրաժեշտ գործիքակազմերի կիրառման կարեւորության մասին:

Leave a comment