Ալիևն ու Կալլասը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, TRIPP-ի մեկնարկն են քննարկել

Քաղաքականություն

06.05.2026 | 10:31

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Կալլասն անդրադարձել է Ալիևի և ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի կողմից ընդունված համատեղ հայտարարության նշանակությանը, որում ընդգծվում էր Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։

Նա նշել է, որ Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկեր է։

Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև էներգետիկայի, կապի, անվտանգության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, և որ Ադրբեջանը, իր հերթին, միշտ եղել է Եվրամիության հուսալի գործընկերը էներգետիկ անվտանգության ապահովման  առումով։ Այս առումով Ալիևը նշել է, որ վերջերս ադրբեջանական գազը սկսել է մատակարարվել ԵՄ ևս երկու անդամ երկրներ՝ Գերմանիա և Ավստրիա։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ընդգծվել են Ադրբեջանի  կողմից խաղաղության օրակարգն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական կապեր, և այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան մտնող տարանցիկ բեռների սահմանափակումները: Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակապի միջոցով՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, գնահատվել է որպես պատմական իրադարձություն:

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունում ՀՀ մայրաքաղաքը նշված է Իրևան:

Զրույցի ընթացքում երախտագիտություն է արտահայտվել Եվրամիությանը՝ Ադրբեջանին ականազերծման ոլորտում ցուցաբերած աջակցության համար, նշվել է նաև, որ TRIPP նախագծի մեկնարկը լավ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային կապի առումով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment