Չինաստանի ԱԳ նախարար Վան Ի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի հանդիպման ընթացքում հանդես են եկել մի շարք հայտարարություններով՝ անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը։
Վան Ին նշել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել ջանքերը՝ լարվածության նվազեցման ուղղությամբ՝ ընդգծելով, որ լիակատար հրադադարը անհրաժեշտ և անխուսափելի պայման է։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը ապօրինի է, և հավելել, որ տարածաշրջանը կանգնած է վճռորոշ շրջադարձի առաջ, ինչը պահանջում է ուղիղ շփումներ հակամարտող կողմերի միջև։
Իրանի ԱԳ նախարար Արաղչին, իր հերթին, ընդգծել է, որ Պեկինը մնում է Թեհրանի անկեղծ գործընկերը, և ներկայիս պայմաններում երկու երկրների համագործակցությունը միայն կխորանա։ Նա նաև բնութագրել է Իրանի դեմ ընթացող պատերազմը որպես բացահայտ ագրեսիա և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Արաղչին նշել է, որ Թեհրանը բանակցություններում գործադրելու է բոլոր ջանքերը՝ պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը՝ ընդգծելով, որ չի ընդունի որևէ այլ տարբերակ, քան արդար և համապարփակ համաձայնությունը։