Մոսկվայում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանից Անմար կրակի մասնիկ է տեղափոխվել Երևան

Բաժանորդագրվել

«Հիշողության կրակ» ամենամյա հայրենասիրական ակցիայի շրջանակում կրակի մասնիկները Մոսկվայից կտեղափոխվեն 10 երկիր:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Մոսկվայի Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանից Անմար կրակի մի մասնիկ տեղափոխվել է Հայաստան:

Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո) տելեգրամյան ալիքը, կրակը բերվել է «Ժողովրդական ճակատ» կազմակերպության աջակցությամբ «Հիշողության կրակ» ամենամյա հայրենասիրական ակցիայի շրջանակում:

Կրակը Երևան է հասցրել Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Ֆոտին, օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան:

«Անհայտ զինվորի գերեզմանից վերցված Անմար կրակի մասնիկները փոխանցվում են վետերաններին և բոլոր նրանց, ովքեր կռվել և շարունակում են պայքարել նացիզմի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչները, ինչպես նաև արտիստներ, մարզիկներ, լրագրողներ ու հեռուստահաղորդավարներ կրակը կհասցնեն 10 երկիր՝ Հայաստան, Աբխազիա, Կիպրոս, Ղրղզստան, Չինաստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Տանզանիա, Հնդկաստան և Հարավային Օսեթիա:

Leave a comment