Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին

Բաժանորդագրվել

Ատալը «Renaissance» կուսակցության գլխավոր քարտուղարն է և Ֆրանսիայի նախկին վարչապետը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Renaissance» կուսակցությունը 2027 թվականի ընտրություններում նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է նախկին վարչապետ Գաբրիել Ատալին:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը, նախնական որոշումն ընդունվել է կուսակցության գործադիր բյուրոյի քվեարկության ժամանակ, իսկ մայիսի 12-ին այն կներկայացվի կուսակցության անդամների ավելի լայն շրջանակի՝ ազգային խորհրդի հավանությանը:

Ատալը՝ կուսակցության գործող գլխավոր քարտուղարը, Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է 2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր։

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, Ատալը, որը դեռ պաշտոնապես թեկնածուի պաշտոնում չի առաջադրվել, արդեն պատրաստվում է հաջորդ ընտրություններին:

Ավելի վաղ իշխող կոալիցիան՝ «Renaissance»-ը, «Horizons»-ը և «Mouvement Democratique»-ը (Ժողովրդավարական շարժում), քննարկում էին միասնական թեկնածուի հնարավորությունը, ուստի հնարավոր է` «Renaissance»-ը մի փոքր շտապել է՝ միանձնյա առաջադրելով Ատալին:

Հավելենք, որ Ատալը պարբերաբար հայամետ հայտարարություններ է անում, իսկ այս տարվա ապրիլի 24-ին նա X-ի իր էջում Ցեղասպանության օրվա առնչությամբ հայտարարություն էր հրապարակել:

Հիշեցնենք, որ Կիպրոս կատարած այցի ընթացքում (Հայաստան ժամանելուց առաջ) Մակրոնը հայտարարել էր, որ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից:

Leave a comment