Ռուսաստանի «Աֆրիկյան կորպուսը» սկսել է ուժերի դուրսբերում Մալիի հյուսիսից՝ լքելով Ագելհոկ քաղաքը։ Ինչպես հայտնում է Le Monde-ը, սա արդեն երրորդ բնակավայրն է՝ Կիդալից և Տեսսալիտից հետո, որտեղից ռուսական ուժերը հեռանում են։
Տվյալների համաձայն՝ բազայից դուրս է բերվել առնվազն 30 միավոր տեխնիկա։ Ագելհոկում տեղակայված էին մոտ 100 ռուս զինվորականներ և մինչև 400 զինծառայող Մալիի իշխող խունտայից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ուժերի դուրսբերումը համաձայնեցված է եղել, իսկ ապստամբներն ու «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումները ապահովել են ռուսական ուժերի անարգել դուրս գալը արդեն շրջափակված քաղաքից։
Ռազմական շարասյուները շարժվում են դեպի Անելֆիս։ Դեռևս հստակ չէ՝ արդյոք նրանք կփորձեն այնտեղ ամրապնդվել, թե կշարունակեն նահանջը դեպի Գաո և Տիմբուկտու։
Միևնույն ժամանակ, նահանջի ֆոնին արձանագրվում են զանգվածային դեզերտիրության դեպքեր․ տասնյակ զինծառայողներ Մալիի խունտայից լքում են իրենց դիրքերը՝ քաղաքացիական հագուստով։