ԵՄ–ն շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի համակարգային գործընկերությամբ. Կալաս

Բաժանորդագրվել

Դիվանագետի խոսքով` Ադրբեջանը Եվրամիության համար արժեքավոր ու հուսալի էներգետիկ գործընկեր է:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի հետ ավելի համակարգային գործընկերությամբ։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն այս հայտարարությունն արել է Բաքվում։

Կալասը շեշտել է, որ Ադրբեջանը Եվրամիության համար արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկեր է:

«Ուրախ եմ Բաքվում գտնվելու համար։ Առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցության խորացման ակնհայտ ներուժ կա։ ԵՄ-ի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ավելի համակարգված գործընկերություն», – ասել է դիվանագետը:

Նա բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի առաջընթացը՝ այն համարելով Հայաստանի և Ադրբեջանի համար պատմական հնարավորություն:

«Բնականաբար, մարդու իրավունքների հարցերի շուրջ բաց և անկեղծ երկխոսությունը մեր գործունեության անբաժանելի մասն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ դինամիկան», – ասել է Կալասը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ունի խաղաղ գործընթացին աջակցելու գործիքներ, դրանց թվում են վստահության ամրապնդման միջոցները և ականազերծման աշխատանքները, որոնցում ԵՄ-ն արդեն հանդես է գալիս որպես խոշորագույն դոնոր:

Հիշեցնենք` Կայա Կալասը Բաքու մեկնելուց առաջ այցելել էր Երևան, որտեղ մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովներին:

Երևանն ինքը կորոշի. Կալասը` ԵՄ–ին անդամակցելու հայաստանյան հեռանկարի մասին

Leave a comment